Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2020 թ.-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 161 հոդված, որոնցից 68-ը եղել է բացասական, 10-ը՝ դրական, 83-ը՝ չեզոք։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ։

Քաղաքացի Անյուտա Հակոբյանը բաց նամակ է հղել վարչապետի տիկին Աննա Հակոբյանին` նշելով, որ ինքը գնում է սահման իր ազատամարտիկ ծնողի գործը շարունակելու. «Արդյոք պատրա՞ստ եք դուք էլ հագնել այն զինվորական հագուստը, որով հպարտ քայլում եւ լուսանկարվում էիք, թողեք ձեր երեխաներին, շքեղ կառավարական առանձնատունը, վարսահարդարներին ու ոճաբաններին եւ ինձ պես մեկնեք` սահման մեր տղաների հետ միասին կռիվ տալու թշնամու դեմ: Մարտահրավերիս արձագանքելու եւ Ձեզնից պատասխան ստանալու համար 48 ժամը, ինձ թվում է, բավական է, չնայած որ արդեն գիտեմ պատասխանը»:

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուզաննա Բեգլարյանի գրառումը տարածվել է լրատվականներում: Օգտատերը քննադատել է Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչերը` նշելով, որ Աննա Հակոբյանի համար կարևոր է ձևական խաղաղասիրությունը, ոչ թե հայրենիքը։

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչին` փորձագետ Արմինե Ադիբեկյանը նշել է, որ այս կոչը որևէ արդյունք չի կարող տալ. «Այս երկու տարվա ընթացքում Աննա Հակոբյանի որևէ նախաձեռնություն և ծավալած գործունեություն օգտակար չի եղել և չի բերել այն արդյունքը, որը նա նախատեսում էր կամ պլանավորում էր։ Այս բոլոր գործողություններն անիմաստ են՝ ելնելով իր ներքին պատկերացումից և նրանից, թե որն է ճիշտ։ Դրանք ապարդյուն, անիմաստ ռեսուրսի վատնում են և հասարակությանն իր դեմ լարելու գործողություն»։

Քննադատություններ հնչեցրել են նաև այլ հասարաքաղաքական գործիչներ` կապված խաղաղասիրական կոչերի հետ։

Դրական է գնահատվել հոդվածը, ըստ որի` Աննա Հակոբյանը ֆոտոսեսիա է արել Vogue ամսագրի համար։ Դրական է գնահատվել նաև այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում ներկայացրել է տիկնոջ կողմից նկարահանված տեսանյութը։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ: