«Հղիանալու ցանկալի ձևերը՝ ըստ գրականության նոր ծրագրի». Սեյրան Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Հղիանալու ցանկալի ձևերը՝ ըստ գրականության նոր ծրագրի». Սեյրան Գրիգորյան

Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հղիանալու ցանկալի ձևերը՝ ըստ գրականության նոր ծրագրի

Օրեր առաջ ես ակամա գովազդեցի ժամանակակից մի արձակագրի։ Ահագին մարդ իմացավ, որ աշխարհում այդպիսի գրող կա, շատերն էլ կարդացին։

Քանի որ պայքարը շարունակվում է, այսօր որոշել եմ անդրադառնալ մի բանաստեղծուհու։ Նախորդ անգամ դիտավորյալ դրել էի Արմեն Օհանյան-Հայաստանցու մեկ այլ, դպրոցական ծրագրում չնախատեսված գրվածքի հատված։ Բանն այն է, որ ծրագրով նախատեսված «Կիկոսի վերադարձը» պատմվածքի հակաէսթետիկական, զուգարանասեռաբանական հատվածները չկարողացա իմ ձեռքով գրել և նվազ զզվանքով դրեցի ոչ ծրագրային գրվածքի ավելի «մեղմ» մի հատված։

Ի դեպ, «Կիկոսի վերադարձը» պատմվածքի այդ գարշելի հատվածներն ընթերցողները գտան և հրապարակեցին իրենց մեկնաբանություններում։ Պատմվածքն էլ շարունակում է մնալ «մանիպուլյացիաներով» (իրենց սիրած բառն է) զբաղված տգետ և ամբարտավան նախարարի և իր թիմի գրականության ցանկում։

Եվ ահա նույն այդ ցանկում՝ արդեն 11- րդ դասարանի բաժնում, դրված է ժամանակակից բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի «Մեղուներ պահող աղջիկը» բանաստեղծությունը։ Քնարական հերոսուհին, խոսելով իր մոր մասին, ասում է․

Sարիների հեռվից եկած նրա խոհարարական գրքույկում Սևակից հաջողված տողեր կան,

հատվածներ Բ. Պրուսի «Տիկնիկից»

և կարելի է գտնել ցուցումներ,

թե ինչպես պատրաստել միկադո և ինչպես հաշվարկել օրերը՝ հղիանալու համար ցանկալի սեռի պտղով:

Ինձ ասում են՝ ինչու ես կոնտեքստից (համատեքստից) կտրում մեկ հատվածը, չէ՞ որ դա մանիպուլյացիա է։ Ես հիմա կարող եմ հիսուն էջանոց վերլուծությամբ ցույց տալ այդ գրվածքի բոլոր կողմերը։ Բայց ունեցած տարածությունը և պայքարի ձևը թելադրում են լինել առավելագույնս հակիրճ։ Արդ, նախարարը և իր խեղճ, անկարող խումբը հենց տասնմեկերորդ դասարանի չափորոշիչների մեջ պահանջում է, որ աշակերտը «Մեկնաբանի տեքստը համատեքստում և դրանից դուրս»։ Հիմա մանիպուլյատորները կասեն՝ այս բանաստեղծությունը դրված է լրացուցիչ ընթերցանության ցանկում։ Այո՛, բայց դա էլ է, չէ՞, ծրագրում։ Ուսուցիչ է, բռնեց հանձնարարեց, որ իր դասարանի աշակերտները կարդան այս բանաստեղծությունը և դասարանում մեկնաբանեն։ Հատկապես՝ «համատեքստից դուրս»։ Ի՞նչ պիտի ասեն հղիանալու համար հարմար օրերի մասին 16-17 տարեկան աղջիկները և հատկապես տղաները։

Խնդրում եմ՝ օգնեք խեղճ երեխաներին։

Հ․ Գ․ 1. Մանիպուլյատոր նախարարին և իր մանիպուլյատիվ պաշտպաններին տեղեկացնում եմ, որ ես երբեք չեմ կազմել և չեմ կազմելու դպրոցական ծրագիր կամ դասագիրք։ Նույն տհասներին տեղյակ եմ պահում, որ այն միտքը, թե այս ծրագրի մասին կարող են խոսել և առաջարկներ անել միայն ուսուցիչները, տխմարություն է։

Նախ՝ հայերենի մի ուսուցիչ էլ մեր տանը կա, և ես հանգիստ կարող էի մեջտեղ չգալ, և դուք կհայտնվեիք շատ ավելի անհարմար կացության մեջ։ Առնվազն այն պատճառով, որ մեր տան ուսուցչուհին ամբողջ Հայաստանում ամենաշատ գիրք կարդացած մարդն է։

Երկրորդ՝ եթե նախարար աշխատող երբեմնի դասախոսը, որը, ըստ վարչապետի, վարում է կրթության մարզում կառավարության ձախողված քաղաքականությունը, չգիտի, ասենք, թե որն է նույն մասնագիտության ուսուցչի և դասախոսի տարբերությունը, նրան և իր կառավարությանը այլևս ոչինչ չի փրկի։

Հ․ Գ․ 2. Համատեքստը լրիվ չանտեսելու նպատակով Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծության բնագիրը տեղադրում եմ առաջին մեկնաբանության մեջ»։



Նման նյութեր