Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը տեւական ժամանակ է՝ ակտիվորեն զբաղվում է սպորտով: Նրա խոսքով՝ առողջ ապրելակերպն իր համար նորություն չէ, սպորտով զբաղվելը ոչ թե մեկնարկ է, այլ վերադարձ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան խոստովանել է, որ մարզումներին վերադարձել է, նախ եւ առաջ, ցանկալի քաշ ձեռք բերելու համար, սակայն սպորտն իր կյանք է բերել ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական առավելություններ: Սյուզաննան պատմել է նաեւ շրջապատի կարծիքի հետեւանքով բարդույթավորվելու, այդ փուլը հաղթահարելու եւ միշտ կատարելագործվելու անհրաժեշտության մասին:
«Արդեն 5 ամիս է, ինչ վերադարձել եմ սպորտային կյանքին, քանի որ այն բերում է մի քանի կարեւոր գործոններ՝ լավ հեգեվիճակ, բացասականից ազատելու հիանալի հնարավորություն, արյան լավ շրջանառության ապահովում, օգնում է ազատվել ավելորդ քաշից ու ակտիվ էներգիա փոխանցում: Ինձ համար սպորտով զբաղվելու առաջին դրդապատճառը ավելորդ կիլոգրամներից ազատվելն էր, երկրորդը՝ բացասական էմոցիաներից»,-ասում է երգչուհին՝ անդրադառնալով նաեւ ժամանակին ավելորդ քաշի հետ ձեռք բերած բարդույթներին:
«Ավելորդ քաշն, ընդհանրապես, մեր ներսում կուտակված թունավոր նյութերն են՝ ճարպի կամ բացասական լիցքերի տեսքով, ու դա չի կարող չբարդույթավորել որեւէ մեկին: Այն, ինչն «ավելորդ է», չի կարող լինել լավ բան: Վերջին 3-4 տարվա ընթացքում պարբերաբար բախվել եմ այս խնդրին, հատկապես, էկրանին ինձ շատ անգամներ անհարմար եմ զգացել: Ցավոք՝ կար ժամանակ, երբ հագուստը պետք է ինձ գեղեցկացներ ու քողարկեր այդ «ավելորդ» բաները, բայց հիմա հիմնականում հակառակն է լինում; Որպես բեմի մարդ՝ շատ բարդութավորված եմ եղել, բայց այս ոլորտում պետք է լինես ուժեղ, ու դա փորձել եմ չարտահայտել»,-խոստովանում է երգչուհին՝ չժխտելով, որ հաճախ այդ բարդույթներն առաջացել են շրջապատի պատճառով:
«Կար ժամանակ, երբ այնքան էի դարձել շրջապատի գերին, որ, օրինակ, երբ մեկն ինձ ասել է «թմբլիկ» կամ նմանատիպ այլ բառերով է դիմել, ես չեմ ցանկացել տնից դուրս գալ, հոգեբանական վատ դրության մեջ էի հայտնվում: Այո, իսկապես, մի շրջան կար, որ շրջապատի կարծիքն ինձ համար շատ կարեւոր էր, իսկ այն, ինչ հասնում է ծայրահեղության, շատ վատ է ավարտվում: Հիմա առաջին հերթին ամեն ինչ անում եմ ինձ համար, որովհետեւ ես, նախ եւ առաջ, պետք է ինքս ինձ հաղթեմ, ու այլեւս որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կարիք չունեմ: Դու ինքնաբավ ես ինքդ քեզնով, եթե դա չլինի, չես կարողանա շրջապատիդ հետ առողջ շփվել»:
Ամբողջությամբ՝ style.news.am