Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում
Advertisement 1000 x 90

Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում

Շատերն են պնդում, որ առանց մեծ գումարներ ծախսելու հնարավոր չէ ունենալ ամենաբարձր հավակնությունները, մրցակցել ուժեղագույնների հետ, տիտղոսներ նվաճել ու հաղթել Չեմպիոնների լիգան: Ժամանակակից ֆուտբոլում գուցե և այդպես է, սակայն կյանքը ցույց տվեց, որ միայն գումարով էլ չես կարող հաղթել Չեմպիոնների լիգան ու հեռուն գնալ Եվրոպայում. նախ՝ միլիոնների պարկը պետք է խելացի օգտագործել, որոշ դեպքերում էլ բացի թոփ տրանսֆերներից պետք են նաև գլխավոր մարզչի ճիշտ ընտրություն, փորձ ու հաղթողի հոգեբանություն. Չեմպիոնների լիգան հաղթելու համար բոլոր գործոնները պետք է տվյալ թիմի օգտին աշխատեն:

Վերջին տարիները (հատկապես՝ 2019/20 մրցաշրջանը) ապացուցեցին, որ միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի: Ներկայացնում ենք այն 5 ակումբներին, որոնք մեծ ներդրումներ արեցին, սակայն չկարողացան տիրանալ մեծականջին, որոշ դեպքերում՝ սպասվածից շատ ավելի վաղ փուլում լքեցին մրցաշարը:

«Ռեալ» – 318 միլիոն եվրո՝ միայն 2019/20 մրցաշրջանում

Իհարկե՝ «Ռեալի» համար 2019/20 մրցաշրջանը չի կարելի ձախողած համարել. մադրիդցիները 3 տարվա դադարից հետո արժանիորեն դարձան Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների լիգան ձախողելն էլ հարաբերական է. «Արքայական ակումբը» վերջին 7 մրցաշրջանում 4 անգամ հաղթել է այս մրցաշարում:

Այդուհանդերձ՝ «Ռեալի»՝ ընթացիկ մրցաշրջանից առաջ կատարած ներդրումն ու Չեմպիոնների լիգայում թիմի ելույթներն ընդհանրապես չեն համապատասխանում իրար: «Ռեալը», մասնավորապես, 2019-ի ամռանը կատարեց իր պատմության ամենամեծ ներդրումը տրանսֆերների վրա՝ 318 միլիոն եվրո. Պերեսը ձևակերպեց Էդեն Ազարի (115 մլն), Լուկա Յովիչի (60 մլն), Էդեր Միլիտաոյի (50 մլն), Ֆեռլան Մենդիի (48 մլն) և Ռոդրիգոյի (45 մլն) տրանսֆերները, սակայն նրանք ոչ միայն չարդարացրին սպասելիքները, այլ նույնիսկ չդարձան մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ: Միայն Մենդին տպավորեց Զիդանին ու որոշակիորեն խլեց Մարսելոյի տեղը մեկնարկային կազմում. գլխավոր աստղ Էդեն Ազարն այդպես էլ օպտիմալ մարզավիճակ չհավաքեց, Ռոդրիգոն դեռ շատ երիտասարդ է հիմնական ֆուտբոլիստ համարվելու համար, Միլիտաոն անվստահ խաղ ցուցադրեց, իսկ Լուկա Յովիչը դարձավ գլխավոր հիասթափությունը՝ մրցաշրջանի ընթացքում խփելով 2 գոլ:

Արդյունքում՝ Զիդանը կարողացավ առավելագույնը քամել «հին գվարդիայի» տղաներից, որոնք հաղթեցին Լա լիգան, սակայն թիմը չստացավ այն թարմությունը, որն անհրաժեշտ էր Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Մրցաշարի առաջին իսկ խաղում «Ռեալը» 0-3 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ՊՍԺ-ից, սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բրյուգեի» հետ, իսկ հետո արդեն դժվարությամբ կարողացավ ապահովել տեղը փլեյ-օֆֆ փուլում: Խմբից դուրս գալով 2-րդ տեղով՝ «Ռեալը» 1/8 եզրափակիչում հանդիպեց «Մանչեսթեր Սիթիին», որին էլ զիջեց թե՛ տնային, թե՛ արտագնա խաղերում. 318 միլիոնի ներդրում՝ ընդամենը 1/8 եզրափակիչ հասնելու համար:

«Ատլետիկո» – 400 միլիոն 2 տարում

«Ատլետիկոյի» ցանկացած երկրպագու գոհ կլինի թիմի ելույթներից Չեմպիոնների լիգայում վերջին 8 տարիների ընթացքում. ո՞վ կսպասեր, որ «հնդկացիները» հաճախակի կհայտնվեն Չեմպիոնների լիգայի ամենակարևոր փուլերում՝ 1/4 եզրափակիչում, կիսաեզրափակիչում, 2 դեպքում էլ՝ եզրափակիչում:

«Ատլետիկոն» դարձավ գրանդ ակումբ ամեն ինչով, այդ թվում՝ իր ֆինանսներով ու ծախսերով. վերջին 2 մրցաշրջանում «Ատլետիկոն» ծախսել է ընդհանուր 403 միլիոն եվրո (160` 2018/19, իսկ 243-ը՝ 2019/20-ին). մադրիդցիներն իրենց սկսեցին թույլ տալ թոփ տրանսֆերներ՝ գնելով Լեմարին 70 միլիոն եվրոյով, իսկ 2019-ին արդեն Ժոաու Ֆելիշին՝ վճարելով 126 միլիոն եվրո: Բայց վերջին 2 մրցաշրջանում «Ատլետիկոն» ակնհայտորեն ձախողում է. Սիմեոնեի թիմը չի պայքարում երկրի չեմպիոնության համար, չի հաղթում Իսպանիայի գավաթը, իսկ Չեմպիոնների լիգայում շատ հեռու չի գնում. 2017/18-ին «Ատլետիկոն» չհաղթահարեց խմբային փուլը, հաջորդ տարի դուրս մնաց մրցաշարից 1/8 եզրափակիչից, իսկ 2019/20-ին ճանապարհը զիջեց շատ ավելի համեստ «Լայպցիգին»: «Ատլետիկոն», որի կազմի ընդհանուր արժեքը կազմում է 785 միլիոն եվրո, չկարողացավ օգտվել ՉԼ-ն հաղթելու պատմական շանսից. Սիմեոնեի թիմը վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր վիճակահանության համեմատաբար հեշտ ցանցում, նրանց ընդամենը 3 խաղ էր բաժանում բաղձալի գավաթից, բայց…

«Յուվենտուս» – փոխված քաղաքականություն, նույն արդյունքները

«Յուվենտուսը», որ հայտնի է իր անվճար տրանսֆերներով, վերջին 2 տարիներին նույնպես սկսել է ծախսել ու ծախսել շատ: «Ատլետիկոյի» նման՝ «Յուվենտուսն» էլ ՉԼ-ում հեռուն էր գնում, ու ամենահեղինակավոր մրցաշարում վճռորոշ թռիչքը կատարելու համար վերջին 2 տարվա ընթացքում մեկական թոփ տրանսֆեր իրականացրեց, սակայն դա էլ բավարար չեղավ թուրինցիներին Եվրոպան նվաճելու համար:

2018-ին «Ծեր սինյորան» բումային տրանսֆեր իրականացրեց՝ գնելով Կրիշտիանու Ռոնալդուին 100 միլիոն եվրոյի դիմաց, բայց «Յուվեն» 1/4 եզրափակիչում թե՛ խաղով, թե՛ հաշվով զիջեց «Այաքսին»՝ լինելով դիմակայության ֆավորիտ: 2019/20 մրցաշրջանից առաջ «Յուվեն» հաղթեց բավական բարձր մրցակցության մեջ ու գնեց Եվրոպայի ամենացանկալի պաշտպանին՝ Մատեյս դե Լիխտին՝ վճարելով 85 միլիոն եվրո, բայց այս անգամ շատ ավելի անսպասելիորեն ու ավելի վաղ փուլում թուրինցիները լքեցին մրցաշարը՝ 1/8 եզրափակիչում պարտվելով «Լիոնին»՝ նորից լինելով ֆավորիտ:

Ամբողջությամբ՝ vnews.am