Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն: Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը:
Միջոցառման նպատական է մշակութային զորակցություն հայտնել վերջերս տուժած Բեյրութին, որը հայտնի է նաև «Արևելքի Փարիզ» անվամբ: Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկանգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:
Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):
Դերերում հանդես կգան նաև Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյանը (Գաստոն), Աշոտ Ղանթարջյանը (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյանը (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյանը (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյանը (Անինա):
Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Տեղերը սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները:
Տոմսերը վաճառվում են միայն առցանց: