Նոր միկրոավտոբուսների ձեռք բերման Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցութին մասնակցել են երկու ընկերություններ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլթի մոթորս»-ը և նախկինում սնանկ ճանաչված ընկերությունը. orakarg.com
Advertisement 1000 x 90

Նոր միկրոավտոբուսների ձեռք բերման Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցութին մասնակցել են երկու ընկերություններ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլթի մոթորս»-ը և նախկինում սնանկ ճանաչված ընկերությունը. orakarg.com

Երեկ կայացել է Երևանի քաղաքապետարանի կողմից նոր միկրոավտոբուսների ձեռքբերման մրցույթը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել 100 նոր միկրոավտոբուսների ձեռք բերման համար:

Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց հետևյալը. «մրցույթը կայացել է, արդյունքները բացվել են: Երկու մասնակից կա, մեկը «Մուլթի մոթորս» ընկերությունն է, մյուսը՝ «Ռեգնում» ընկերությունը: Դեռ չգիտեմ ինչ առաջարկներ են արվել, այդ առաջարկները կուսումնասիրվեն մրցույթային հանձնաժողովի կողմից և որոշում կկայացվի: Հուսով ենք հանձնաժողովը որոշում կկայացնի և կպարզի մրցույթի մասնակիցներին, չնայած հնարավոր է՝ ոչ մեկն էլ չհաղթի, ոչ մեկ չհամապատասխանի քաղաքապետարանի կողմից առաջ քաշված մրցույթի պայմաններին»:

Կարապետյանը նաև նշեց, որ խոսքը 7-8 մետրանոց փոքր տարողությամբ ավտոբուսների մասին է, որոնք ըստ քաղաքապետարանի ներկայացրած չափանիշների՝ պետք է հարմարավետ լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, եթե բոլոր նստատեղերը զբաղված լինեն ուղևորը կարողանա «հանգիստ» կանգնել, ավտոբուսներն ունենան բռնելատեղեր, սրահը պետք է կահավորված լինի օդափոխության համակարգով, այսինքն հագեցած լինի ձմռան համար ջեռուցման, իսկ ամառվա համար հովացման համակարգով, սրահում պետք է լինի էլեկտրոնային չվացուցակ, պետք է դրսից լինի արտաքին էլեկտրոնային ցուցատախտակ, որը կանգառում սպասող անձանց տեղեկություն կփոխանցի երթուղու վերաբերյալ, պետք է ապահովվի վարորդի ձայնային կապը սրահում գտնվող ուղևորների հետ, էլեկտրոնային բացվող դռների առկայություն լինի և այլն:

Բացի այդ, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ այս ավտոբուսների ձեռք բերմամբ քաղաքը գնում է միջանկյալ լուծման, բայց սա չի նշանակում, որ մեծ ավտոբուսների գնման մրցույթը չեղարկվում է: Պետք է երկրորդ անգամ նշանակվի մրցույթ մեծ ավտոբուսների ձեռք բերման համար:

«Սա մեծ ձեռքբերում է, սա աննախադեպ գնում է, քանի որ չեմ հիշում վերջին քսան տարվա ընթացքում մի դեպք, որ քաղաքն իր միջոցներով հանրային տրանսպորտ ձեռք բերի»-նշեց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ե՞րբ պետք է հանձնաժողովը որոշում կայացնի նոր միկրոավտոբուսների ձեռք բերման և ե՞րբ պետք է անցկացվի մեծ ավտոբուսների գնման մրցույթը Հակոբ Կարապետյանը նշեց, որ առաջին հարցի հետ կապված մրցույթային հանձնաժողովը որոշում կկայացնի մոտակա օրերի ընթացքում, իսկ երկար ավտոբուսների նոր մրցույթի անցկացման հարցը կորոշվի հնարավորինս շուտ:

Մենք նաև ուսումնասիրեցինք մրցույթի մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները: Ըստ armeps գնումների էլկտրոնային համակարգի տվյալների՝ «Մուլտի Մոթորս» ընկերությունը 100 միկրոավտոբուսների համար առաջարկել է 1 միլիարդ 945 մլն, իսկ «Ռեգնում ՍՊԸ»-ի առաջարկած գնային առաջարկը կազմում է 1 միլիարդ 945 մլն 200 հարյուր հազար դրամ, այսինքն «Ռեգնում ՍՊԸ»-ի գնային առաջարկը 200 000 հազար դրամով ավելի թանկ է:

Ի դեպ, ուշագրավ է, որ մրցույթի մասնակիցների մասին համացանցում որոնումներ կատարելիս հանդիպեցինք մի տեղեկության, ըստ որի՝ Յունիբանկի պահանջով և ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2018թ. վճռով «Ռեգնում» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Մենք փորձեցինք ընկերության մասին կոնտատկտներ գտնել համացանցում, սակայն մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: Զանգահարեցինք նաև «Սփյուռ» տեղեկատու, որտեղից մեզ ասեցին, որ իրենց տվյալներով ընկերությունը չի գործում: Իսկ ահա ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալների՝ այս ընկերության մասին իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության (գոյության) դադարման մասին պետական միասնական գրանցամատյանում տեղեկություններ գրառված չեն։ Այստեղ հարց է ծագում՝ այդ դեպքում ինչպե՞ս է այդ ընկերությունը մասնակցում մրցույթին: Այդ կապակցությամբ մենք հարց ուղղեցինք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակին, թե արդյո՞ք մրցույթին մասնակցած «Ռեգնում» ՍՊԸ-ն այն նույն ընկերությունն է, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել Հակոբ Կարապետյանն ասեց, որ ինքը տեղյակ չէ, միակ բանը որ ինքը կարող է ասել այն է, որ այդ երկու ընկերություններն են հայտ ներկայացրել և մրցութային հանձնաժողովը մնացածն ինքը կորոշի։

Մյուս ընկերությունը 2008թ․-ին հիմնադրված «Մուլտի Մոթորս» ընկերությունն է, որը հանդիսանում է Opel և ГАЗель մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը զբաղվում է նոր ավտոմեքենաների ներմուծմամբ, վաճառքով և անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ, պահեստամասերի վաճառքով: Ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալների՝ ընկերության բաժնեմասերի 100%-ը պատկանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Ի դեպ, նոր միկրոավտոբուսների ձեռք բերման հարցին անդրադարձել է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է հետևյալը՝

«Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» և «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։

Ինչպես և ակնկալվում էր երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։

Այսպիսո’վ սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»-նշել է Խաժակյանը:

orakarg.com