Սեպտեմբերի 4-ին Նիկոլի հրաժարականի պահանջով առաջին հանրահավաքը տեղի ունեցավ։ Ես մասնակցեցի դրան։ Հանրահավաքը կազմակերպել էր Ռեֆորմիստներ կուսակցությունը։ Ես այդ կուսակցության անդամ չեմ։ Մեկ այլ քաղաքական ուժ եթե դա կազմակերպեր (բացառության ահաբեկիչ ծռերի եւ սորոսական այլ կազմակերպությունների), դարձյալ կմասնակցեի։ Նպատակս մեկն է՝ թույլ չտալ, որպեսզի ներկա իշխանությունը մեր երկիրն ու ժողովրդին տանի կործանման ուղով։ Ոչ մի անձնական կամ քաղաքական շահ չեմ ունեցել այդ հանրահավաքին մասնակցելու համար։ Մի քանի դիտարկումներ երեկվա հանրահավաքից եւ երթից։
1․Ընդհանուր առմամբ այն կարելի է հաջողված համարել։ Սակավաթիվ՝ մոտ 100 մասնակիցների մեջ տեսա տարբեր քաղաքական համակրանքներ ունեցող մարդկանց, որոնց միավորել էր այս իշխանության հեռացման հրատապ անհրաժեշտությունը։
2․ Երկու տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Երեւանի կենտրոնով թեկուզ մեկ մարդ կարող էր անցնել «Նիկոլ հեռացիր» վանկարկելով՝ էյֆորիայի տակ գտնվող զանգվածը այդ մարդուն պարզապես «կհոշոտեր»։
3․ Երթին կողքից դիտողների մեջ չտեսա գոնե մեկ դեմքի դժգոհ արտահայտություն ունեցող կամ վրդովված մարդ։ Կային եւ համակրանքով ժպտացողներ, եւ զարմացողներ, եւ անտարբերներ։ Վերջիններս թերեւս ավելի շատ էին։ Սակայն ոչ ոք չեղավ, որ պաշտպանի իշխանությանն ու այն զավթած մարդուն։ Վերջինս էլ, հավանաբար չէր կարեւորել այդ հանրահավաքը եւ սադրիչներ չէր ուղարկել։ Հաջորդ անգամ դա հավանաբար կարվի նրա կողմից։ Այս անգամ իշխանությունը սահմանափակվեց հետհանրահավաքային ֆեյքային ակտիվությամբ։
4․ Լրագրողական ուղիղ քառորդդարյա գործունեության ընթացքում բազմաթիվ հանրահավաքներ եմ տեսել, բայց երբեք չեմ տեսել ոստիկանության նման պատկառելի ներկայություն։ Հանրահավաքի մոտակայքում գտնվող ոստիկանական երկու տասնյակին մոտ մեքենաներ կային, իսկ ոստիկաները գերազանցում էին հանրահավաքի մասնակիցների թվին։ Սա փաստում է մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի վախերի մասին, մյուս կողմից՝ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքի մասին։
5․ Իմ մոտ 2500 ֆեյսբուքյան ընկերներիս մեծ մասը քննադատում են Նիկոլ Փաշինյանին, շատերը գրում էին, որ պետք է խոսքից անցնել գործի եւ դուրս գալ փողոց։ Սակայն այդպես վարվեցին քչերը՝ հազիվ 20 հոգի։ Ես հեռու եմ այն մտքից, որ եթե հանրահավաքին գային եւս մի քանի հարյուր կամ անգամ հազար մարդ, ապա Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Հասկանում եմ նաեւ, որ բոլորն ունեն իրենց անձնական կյանքը, հոգսերն ու գործերը, ինչը հնարավորություն չի տալիս հանրահավաքին կամ այլ ակտիվ գործողություններին մասնակցել։ Սակայն, այլ կերպ հնարավոր չէ՝ մենք կամ պետք է որպես ազգ ու պետություն լինենք, մեր հարազատները, ընտանիքների անդամները ապրեն ապահով եւ անվտանգ, կամ պարզապես դադարենք գոյություն ունենալուց։
6․ Չափազանց կարեւոր է նաեւ քաղաքական ուժերի համախմբումը, գոնե երկու-երեք բեւեռների կազմավորումը, նրանց համագործակցված հանդես գալը, իշխանափոխության տեխնոլոգիաների լուրջ ուսումնասիրությունը եւ ժողովրդին այս ծանրագույն վիճակից դուրս գալու իրական հույս տալը։
Կներեք, մի քիչ երկար ստացվեց։
Արա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից