ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանն այսօր տոնում է 57-ամյակը: Tert.am Life-ն այդ առթիվ զրուցել է նրա հետ` օրվա, թոռնիկների անակնկալի, տարիքի, կորուստների մասին:
– Ինչպիսի՞ տրամադրությամբ եք արթնացել:
– Ես որոշել եմ, որ պետք է իմ ծննդյան օրերին լավ տրամադրություն ունենամ: Երբ այդ օրը տրամադրությունդ ընկնում է, նշանակում է դու շատ ես սիրում քո եսն ու կենտրոնացած ես սեփական անձիդ վրա: Իսկ ես չեմ ցանկանում կենտրոնանալ իմ անձի վրա: Այնպես որ, այսօր հրաշալի տրամադրություն ունեմ:
– Արդեն 57 տարեկան եք… ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:
– 60-ից երեք եմ պակաս արդեն, բայց առավոտյան արթնանում եմ 3 տարեկանի զգացողությամբ: Ինձ թվում է` մայրս կգա ու կժպտա ինձ, հայրիկս կգա: Միայն թե օրվա մեջ պետք է պայքարեմ, որ այդ զգացողությունն ինձ մենակ չթողնի, հոգսերն ու առօրյան չաղտոտեն այդ երիտասարդությունը: Եթե մենք պաշտպանենք մեր սիրտը չներելուց, վիրավորվելուց, այլ հակառակը` ներելով, չվիրավորվելով լցնենք մեր սիրտը, այն չի ծերանա: Ժպտալ է պետք ոչ միայն արտաքնապես, այլև հոգեպես:
–Այսօր մարդկանց վախերն ու անհանգստությունները շատ են. ժպտալն այս դեպքում բա՞րդ չէ:
– Նեղությունները միայն սրբում ու ավելի փայլուն են դարձնում մարդուն, դրանք միշտ են լինելու, չարժե դրանց համար ինքդ քեզ կեղեքել ու ամեն օր մահանալ: Նեղություններից հետո պետք է կոփվենք, ավելի տոկուն, աշխարհի համար ներդրվող մարդ դառնանք: Պետք չէ վախենալ կորուստներից, հիվանդությունից: Ես ծանր հիվանդ մարդկանց եմ տեսել, ովքեր այդ ընթացքում դարձել են ավելի լավը, ձեռք են բերել խորը սիրտ: Ես չեմ ասում, որ պետք է հիվանդ լինենք: Ուզում եմ առողջ լինենք, երկար կյանք լինի, չլինեն պատահարները, բայց դրանք անընդհատ լինում են: Հոգու երիտասարդությունը, ծաղկունքը, ներքին ուրախությունը դրանց հետ կապ չունեն: Ես տեսել եմ նաև երկար կյանք ունեցող, հարուստ մարդիկ, ովքեր երջանիկ չեն եղել: Հաճախ նրանք ավելի շատ բանի պակաս ունեն, քան այն մարդիկ, ովքեր չունեն ոչինչ, բայց ունեն մեծ սիրտ:
Ամբողջությամբ՝ life.tert.am