Կես միլիարդ դրամի ուղիղ գնումներ՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից. alternativ.am
Advertisement 1000 x 90

Կես միլիարդ դրամի ուղիղ գնումներ՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից. alternativ.am

Արդեն բազմիցս ապացուցվել է, որ հովանավորչությունը «նոր Հայաստանի» համար բնավ խորթ երևույթ չէ: Հաճախ ենք հանդիպում այնպիսի իրավիճակների, երբ որոշ տնտեսավորողներ, վայելելով իշխանության հովանավորչությունը, արտոնյալի կարգավիճակի են արժանանում:

Նրանց շարքում հատկապես առանձնանում է գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով Նիկոլ Փաշինյանի հետ որոշակի ուղի է անցել, ինչպես վերջինս է մի առիթով ասել՝ «Սուքիասյանի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի»: Դեռևս պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը նշել է. «Սուքիասյանի հետ նաև քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք, դա Ազատության հրապարակն է: Մենք գտնվել ենք «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ոչ նույն խցում, բայց` նույն վայրում»:

Ուսումնասիրելով կառավարության կողմից կատարված գնումների գործընթացը՝ նկատում ենք, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություներից միայն ընթացիկ 2020 թվականին պետությունը կես մլրդ դրամից ավելի՝ 543 մլն դրամի գնումներ է կատարել, ընդ որում, դրանք կատարվել են առանց մրցույթի՝ ուղիղ գնումով:

Այսինքն, պետության հովանավորչությունը վայելող Սուքիասյանից պետությունը կես մլրդ դրամի գնումներ է կատարել առանց որևէ մրցույթի՝ փաստացի խոչընդոտելով մնացած գործարարների՝ տվյալ ոլորտում գործունեությունը ծավալելը, և ևս մեկ անգամ ապացուցելով, որ Խաչատուր Սուքիասյանը վարչապետ Փաշինյանի սրտի օլիգարխն է, ինչպես հիմա է ընդունված ասել՝ խոշոր սեփականատերը, ով օգտվում է իր՝ արտոնյալի կարգավիճակից ու էլ ավելի ընդլայնում իր ընկերությունների գործառույթներն ու ավելացնում դրանց եկամուտները: Սա լավագույնս ապացուցում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում հնչած այն բարձրագոչ ճառերը, թե բոլորը հավասար են, որևէ մեկն այլևս մեր երկրում չունի արտոնյալի կարգավիճակ, բոլորը մեկ են և այլն, իրականությունից խիստ հեռու են: