Երգահան, երգիչ Վահագ Ռաշը նորություն ունի. նա երկրպագուներին է ներկայացրել նոր՝ «Հուշեր» երգի տեսահոլովակը։
Երգի երաժշտության հեղինակն է Հասմիկ Արշակյանը, բառերը գրել է Վահագ Ռաշի մայրը՝ Անահիտ Սիմոնյանը։ Հասմիկ Արշակյանի երաժշտությամբ «Հուշերը» երգչի երրորդ երգն է։
«Հիշում եմ՝ Հասմիկը ուղարկեց երաժշտությունը, դեռ բառեր չկային։ Երևի հարյուր անգամ լսեցի, ամեն անգամ լսելուց տեղափոխվում էի մանկական հիշողությունների գիրկը՝ Արթիկի մեր բակը, մանկական խաղերը, բակի տատիկ և պապիկները, ծառերը, քարերը։ Երաժշտության ամեն մի մասնիկը ինձ հիշեցնում էր իմ մանկության դրվագները։ Հասմիկին ասացի, որ երգը պետք է լինի բակի մասին։ Քաղցր ու անջնջելի մանկական, պատանեկան հիշողությունների մասին։ Հասմիկը համաձայնեց՝ չնայած որ ինքն ավելի շատ հակված էր երգի սիրային տարբերակին: Բացատրեցի ամբողջությամբ մայրիկին, թե ինչ եմ ուզում, մայրս էլ էր ինձ հետ համաձայն, որ երաժշտությունը հենց դա էր հուշում։ Այդպես գրվեցին երգի բառերը։ Դիմեցի Վահան Նահապետյանին՝ գործիքավորման համար։ Երգի վերջնական հնչողությունն էլ ապահովեց ընկերս` Սերգեյ Գասպարյանը»,- նշում է Վահագը։
Ռեժիսոր Սերժ Գաբյանը «Հուշերի» համար ստեղծել է մի հոլովակ, որը հավաքված է երգի բառերով։ Վահագ Ռաշը համոզված է, որ յուրաքանչյուր ունկնդիր, լսելով երգը, տեղափոխվելու է իր մանկություն, հուզվելու է ու վերհիշելու այդ քաղցր պահերը։