Հայաստանում մինչև հունվարի 11-ը կարանտին է. կառավարությունն ընդունեց որոշումը
Advertisement 1000 x 90

Հայաստանում մինչև հունվարի 11-ը կարանտին է. կառավարությունն ընդունեց որոշումը

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Հայաստանում սահմանված արտակարգ դրությունն այսօրվանից փոխարինելու կարանտինի ռեժիմով։ Կարանտինը Հայաստանում սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Կառավարության ընդունած որոշմամբ` ՀՀ ցամաքային սահմանն օտարերկրացիների համար կշարունակի փակ մնալ որոշ բացառություններով (ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամներ, ՀՀ բնակվելու իրավունք ունեցողներ, դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամներ, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձինք` հանգուցյալի մերձավոր ազգականները (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը), միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ, սահմանապահ զորքերի հրամանատար` հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը։

Հայաստան մուտք գործելիս անհապաղ կատարվում է բժշկական զննություն, զննության արդյունքներով, եթե առկա են համապատասխան ախտանշաններ կարող է կիրառվել հոսպիտալացում, կամ անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն։ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: