Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
« Այս տարվա մեր կանխատեսած 6.2 տոկոս անկմանը 2021-ին կհաջորդի մոտավոր 5 տոկոս տնտեսական աճ: Ակնկալում ենք, որ բոլոր ոլորտները դրական աճ են ունենալու, օրինակ՝ ծառայությունները կանխատեսում ենք 4.2 տոկոս աճ, գյուղատնտեսությունը կհասնի 3.2 տոկոս աճի, արդյունաբերությունը կունենա 5 տոկոս աճ»,-ասաց Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով ներկա փուլում որոշ ոլորտներում տնտեսական ակտիվությանը՝ Մարտին Գալստյանը նշեց, որ արդյունաբերության պարագայում կանխատեսում էին, որ նվազումը կլինի 2.2 տոկոս, սակայն այս պահին 2 տոկոս է: Դրական տեղաշարժ կա արդյունաբերության մասով, որը հումքային ապրանքների արտահանման հետ է կապված, ինչպես նաև միջազգային շուկայում արձանագրված բարձր գների: Միևնույն ժամանակ, զգալի անկում է նկատվում շինարարության ոլորտում՝ -18.7
«Ասեմ, որ այստեղ վիճակագրական խնդիր էլ կա: Շինարարությունը գրանցվում է, երբ այն ավարտվում է, ընթացքում տեղի ունեցող շինարարությունը չի գրանցվում վիճակագրորեն: Ուստի, հնարավոր է լինեն դեպքեր, երբ մենք տեսնում ենք փաստացի աշխատանք շինարարական հրապարակներում, բայց դա արձանագրված չէ»,-հավելեց ԿԲ նախագահը: