Սկանդալ Արյունաբանականում. ինչու աղմկեցին բժիշկներն ու ինչ են անելու առանց Աննայի. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սկանդալ Արյունաբանականում. ինչու աղմկեցին բժիշկներն ու ինչ են անելու առանց Աննայի. armeniasputnik.am

Այն մասին, որ ՀՀ վարչապետն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել իր աշխատանքային պայմանագիրը, Ռ․ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը տեղեկացել է երեկ` ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումից։ Սամվել Դանիելյանն այսօր Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ նոր պայմանագիրը դեռ չի ստորագրվել, իսկ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին։

Ի դեպ, ո՛չ իր աշխատանքից ազատման, և ո՛չ էլ պաշտոնավարումը շարունակելու հարցով Դանիելյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին չի հանդիպել, խնդիրը նրա հետ չի քննարկել։ Նրա խոսքով` պայմանագրի ավարտի մասին ծանուցումը ստացել է փոստով, ինչպես նախատեսում է օրենքը։

Ինչ վերաբերում է արյունաբանության կենտրոնի շուրջ 50 բժիշկների հայտարարությանը (տնօրենի հետ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու մասին), Սամվել Դանիելյանն այս հարցում համամիտ չէ վարչապետ Փաշինյանի դիրքորոշման հետ, թե դա սպառնալիք էր։

Նրա բնորոշմամբ` դա բժիշկների սահմանադրական իրավունքն է, որից, վստահեցնում է` որևէ հիվանդ երեխա չէր տուժի։

«Մենք կորոշեինք` ինչպիսի կարգ սահմանեինք։ Հերթապահություններով կապահովեինք, որ ոչ մի երեխա չմնար առանց ուշադրության»,– ասաց Դանիելյանը`միաժամանակ կարծիք հայտնելով, որ եթե բուժաշխատողներն այդ քայլին չդիմեին, կառավարությունից արձագանք հազիվ թե լիներ։

Ինչ վերաբերում է կառավարության հետ առաջացած կոնֆլիկտի լուծմանը, դրա համար Սամվել Դանիելյանը կարևորում է վարչապետի հետ բուժհիմնարկի կոլեկտիվի հանդիպումը` ասելով.

Եթե հյուրընկալի մեզ, եթե կարողանանք հանդիպում ունենալ, եթե տեսնի մեր «խոհանոցը»` ինչով ենք ապրում, ինչպես ենք ապրում, սա շատ կարևոր է, որովհետև մատուցման ձևից կախված է նաև տպավորությունը»։

Իսկ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավարումը դադարեցնելու մասին հայտարարությունը Սամվել Դանիելյանի համար իրապես անակնկալ է եղել։

«Առանց City of Smile-ի աջակցության շատ դժվար եմ պատկերացնում ամբողջ մեր գործընթացը։ Պիտի բանակցենք, տեսնենք` ինչ արդյունք կտա։ Եթե մեղավորության ինչ–որ տոկոս ունենք, ինչ–որ մասնաբաժին ունենք, մենք պետք է վերանայենք ամեն ինչ»,– ասաց Դանիելյանը։

Հարցին, թե որքանով է հնարավոր, որ Աննա Հակոբյանի որոշումը պայմանավորված լինի իր պաշտոնավարման շուրջ ստեղծված իրավիճակով, Սամվել Դանիելյանը դժվարացավ մեկնաբանել։

Անդրադառնալով արյունաբանության կենտրոնի գործունեությանը, տնօրենը նշեց, որ նախկինում ՀՀ–ում քաղցկեղով հիվանդ երեխաների առողջացումը 3 տոկոս էր կազմում, մահացությունը`97 տոկոս։ Այսօր բուժման ցուցանիշը հասել է 75 և ավելի տոկոսի։

«Սա շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, իմ ամենամեծ երազներից մեկն է եղել և իրականություն է դարձել։ Հիմա Հայաստանում ոսկրածուծի պատվաստում է արվում, որը նույնպես իմ երազների մեջ է եղել և այսօր իրականություն է» ,– ասաց նա։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր