Ամեն ինչ իրականում շատ պարզ է․ նախկինում ճգնաժամ չի եղել բացարձակապես, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխություններին», որոնք ակնհայտորեն Սահմանադրությանը հակասող ճանապարհով են իրականացվել, հաջորդեց սահմանադրական ճգնաժամ, որն այս պահին էլ ես չեմ կարող ասել, որ հաղթահարվել է, որովհետև ՍԴ-ն 2020 թվականի հունիսի 18-ից ի վեր որոշում չի կարողացել կայացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորների ընտրությամբ ՍԴ-ում ճգնաժամը լուծվեց:
Իսկ թե ինչ կլինի հաջորդիվ, Վարդևանյանը նշեց, որ կան որոշակի լեգիտիմության հետ կապված խնդիրներ, ժամանակը ցույց կտա, թե ինչ կարող է լինել:
Հարցին էլ՝ այս ամբողջ փոփոխություններից հետո, բացի այդ երեք անձին ՍԴ-ում փոխելուց, ի՞նչ ունեցանք, նա ասաց, որ իր համար ՍԴ-ն երբեք անձերով պայմանավորված կառույց չի եղել, այլ իր գործունեությամբ, իր որոշումներով, դրանց ուսումնասիրություններից ելնելով է, որ պետք է պատկերացում կազմվեր ՍԴ-ի մասին: «Երբ, օրինակ՝ շատ խոսվում է բարոյական վնասի ինստիտուտի մասին, Հայաստանում այն առհասարակ գոյություն չուներ մինչև ՍԴ-ն, կարելի է ասել պարտադրեց ԱԺ-ին ընդունել դրա վերաբերյալ երաշխիքները և կառուցակարգերը, քանի որ դրա բացակայությունը որակվել էր հակասահմանադրական, հետևաբար անձերով չպետք է դիտարկել ՍԴ-ն, իսկ արդյունավետության գործունեության տեսանկյունից պետք է կրկին հիշեցնեմ, որ հունիսի 18-ց ի վեր ՍԴ-ն որոշում չի կարողացել ընդունել: Վերջին շրջանում ՍԴ որոշումների վերաբերյալ պարզապես մասնագիտական համայնքին է պետք հարցնել՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մոտեցումները որակական և բովանդակային առումով շատ ավելի նմանվել էին հենց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ինչը միայն դրականի մասին է վկայում: Այսինքն՝ մենք այդտեղ էլ ունեինք բավականին լուրջ դրական դինամիկա»,- ընդգծեց փաստաբանը:
Ամբողջությամբ՝ tert.am