Շատերը կարծում են, որ տեսողությունը տարիքի հետ միշտ վատթարանում է և դա նորմալ է: Ըստ էության, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, պնդում են փորձագետները:
«Աչքերը տարիքի հետ չեն փչանում, և տեսողությունն առանց պատճառի չի կորում,- ասում է Բժշկական գիտությունների դոկտոր, Ֆիլադելֆիայի Wills Eye Hospital հիվանդանոցի ակնաբույժ Դուգլաս Վիսները:- Պետք չէ մտածել, որ պղտորությունը, լաքաները կամ լողացող լաքաները նորմալ են: Ես 50 տարեկանից բարձր բոլոր մարդկանց կոչ եմ անում յուրաքանչյուր տարի ստուգում անցնել»:
Աչքերը կարող են արտացոլել առողջական վիճակը
«Աչքը մարմնի միակ տեղն է, որտեղ կարելի է տեսնել նյարդերն ու արյունատար անոթները»,- ասել է Վիսները:
Աչքերից կարելի է կասկածել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են հիպերտոնիան, բարձր խոլեստերինը և շաքարային դիաբետը: Հաճախ հենց ակնաբույժն է առաջինը հայտնաբերում այդ հիվանդությունները. այդ հիվանդությունները միշտ չէ, որ ախտանիշներ ունեն, որոնք հիվանդը կարող է ինքը նկատել:
«Սրտանոթային հիվանդությունները մեր երկրում դեռ շարունակում են հիվանդանալու և մահվան հիմնական պատճառներից մեկը մնալ, և եթե մենք դրանք բավական վաղ փուլում հասկանանք, կկարողանանք հաղթահարել և կանխել»,- ասել է մասնագետը:
Կարելի է ընդմիշտ հրաժարվել ակնոցից
Կատարակտը (աչքի ոսպնյակի խամրումը) կարող է զարգանալ այնքան դանդաղ, որ հիվանդը կարող է երկար ժամանակ չնկատել տարբերությունը: Ոմանց մոտ կատարակտը սկսում է աճել 50 տարեկանում: Բայց որոշ դեպքերում կատարակտի վիրահատությունը կարող է ազատել ակնոցից: Պրոցեդուրան սովորաբար արագ է (մոտ մեկ ժամ), իսկ վերականգնումը կարճ է տևում` մինչև մի քանի օր:
Ավտոմեքենա վարելը
Եթե գիշերային ժամերին ձեզ համար ավելի ու ավելի դժվար է դառնում վարելը, մասնագետը կարող է օգնել ձեզ ակնոցի համար հատուկ ոսպնյակներ ընտրել, օրինակ` այսպես կոչված, հակաբլիկային ոսպնյակներ: «Եթե դուք առողջ աչքեր ունեք` առանց կատարակտի կամ նվազագույն կատարակտի, ապա ամենատարածված լուծումը հակաբլիլկային ոսպնյակներն են»,- ասել է ակնաբույժը:
Շաքարախտ
Wills-ի ակնաբուժական կլինիկայի ուսումնասիրության համաձայն` շաքարախտով տառապող մարդկանց մոտ 60 տոկոսը հաճախ բաց է թողնում աչքերի ամենամյա ստուգումները, չնայած դա նրանց համար շատ կարևոր է:
«Շաքարախտն անոթային հիվանդություն է: Աչքի մեջ դա արյունահոսություն և ցանցաթաղանթի մեջ հեղուկի արտահոսք է առաջացնում, ինչը կարող է տեսողության կորստի հանգեցնել»,- պարզաբանել է Վիսները:
Վաղ հայտնաբերման դեպքում այդ խնդիրներից մի քանիսը հնարավոր է վերացնել` չնայած, որքան մեծ է վնասը, այնքան դժվար է այն շտկել: