Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել եւ զգուշություն ցուցաբերել ՝ կապված վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության սրացման հետ: ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել շփման գծի տարածքներ ուղեւորվելուց, չգնալ Լեռնային Ղարաբաղ:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ դեսպանատունն առաջին անգամը չէ, որ նման կոչով է հանդես գալիս, եւ սա արդեն դարձել է ընդունված պրակտիկա:
«Առաջին անգամ չէ, որ ԱՄՆ դեսպանատունը հանդես է գալիս նման կոչով, պարզապես խնդիրը նրա մեջ է, որ միգուցե այդ հռետորաբանությունը, որ Ադրբեջանը կիրառում է, հանդիսացել է նաեւ դրդապատճառ, որպեսզի նման հայտարարություն տարածեն: Մենք գիտենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսապանատունը նույնպես հորդորել է խուսափել շփման գծին մոտենալ: Կարծում եմ՝ սա արդեն ընդունված պրակտիկա է, բայց եւ այս ամենի վրա ազդեցություն է ունեցել նաեւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Ըստ երեւույթին՝ ամերիկացիներն ունեն ապացույցներ, որ Ադրբեջան են եկել բազմաթիվ գրոհայիններ՝ Իրաքից եւ Սիրիայից, իսկ սա արդեն կարող է վտանգ հանդիսանալ ԱՄՆ քաղաքացիների համար, եւ նման կոչերը պետք է սթափեցուցիչ լինեն ադրբեջանցիների համար, քանի որ համանախագահող երկրներն այսպես են իրենց դժգոհություններն արտահայտում ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ»,-ընդգծում է Դավիթ Բաբայանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ մենք պետք է ներքաղաքական պայքարից բացի արտաքին մարտահրավերները նույնպես հաշվի առնել:
«Մենք պետք է միշտ լինենք աչալուրջ, ուրիշ տարբերակ՝ չունենք: Հակառակորդը չի փոխվել ու չի փոխվելու, եւ նա իր այդ նենգ նպատակները չի էլ թաքցնում: Մի քիչ ներքաղաքաքական, ներքին պայքարից բացի կարողանանք նաեւ արտաքին մարտահրավերը նույնպես հաշվի առնել: Սա է հիմնական բանաձեւը, որն իրականացնելը դժբախտաբար երբեմն դժվար է»,-հավելում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականը:
Լիդա Եղիազարյան