Թշնամին հարձակվել է մեր երկրի վրա, պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով Արցախի հետ շփման գծում ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։ «Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար»,- սեպտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։
Նորատ Տեր-Գրիգորյանցը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Թուրքիան ագրեսիվ երկիր է՝ ցեղասպանություն իրականացնող ագրեսիվ երկիր, որը 100 տարի առաջ ոչնչացրել է 1.5 մլն հայի, գրավել հայկական հողերը և այժմ էլ փորձում է կրկին գրավել հայկական հողերը, այս անգամ Արցախի կողմից և վերջնականապես «կուլ տալ» Հայաստանին, ինչը Թուրքիայի քաղաքականությունն է և կապ չունի, թե ով է ղեկավարում պետությունը՝ Էրդողանը, թե մեկ ուրիշը։ Բացի դա՝ միջազգային կազմակերպություններն Էրդողանի համար որևէ ազդեցություն չունեն, հակառակը՝ լռելով խրախուսում են վերջինիս ագրեսիվ գործողությունները։ Գեներալ-Լեյտենանտը հիշեցրեց Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետի ելույթը՝ Նախիջևանում իրականացվող զորավարժությունների վերաբերյալ՝ ամփոփելով այն։
«Պատկերացնու՞մ եք՝ Թուրքիան Նախիջևանում զորավարժություններ է անում, հայկական Նախիջևանում, որտեղ արդեն որևէ հայ չի մնացել՝ Հայաստանի դեմ հարձակում գործելու համար»,- նշեց գեներալ-լեյտենանտը՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստանի միջոցով ցանկանում են պատժել Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը խանգարում է իրենց համաշխարհային մասշտաբով ագրեսիա ցուցաբերելու համար։ Բացի դա՝ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, ինչից վերջիններս ցանկանում են ազատվել։ Հակառակորդը շատ լավ գիտի, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնագիր ունի, այսինքն՝ Ռուսաստանը պետք է միջամտի, ինչն էլ, ըստ Տեր-Գրիգորյանցի, իրենք ցանկանում են, ընդ որում՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, իսկ թե ինչ է ցանկանում ՆԱՏՕ-ն՝ ինքը չգիտի։ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ Թուրքիան ագրեսիվ պետություն է, որն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։ Նա հիշեցրեց դեռևս տարիներ առաջ Հեյդար Ալիևի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն է, բայց մեկ ազգություն, ուստի՝ պետք է պաշտպանեն միմյանց։ Բացի դա՝ իրենք իրենց ժողովրդի մեջ հայատյացություն են սերմանում, դաստիարակում հայատյաց՝ հաշվի չառնելով, որ հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի իրենց կազմավորման, տնտեսության զարգացման և մի շարք այլ կարևոր գործերում և այժմ առաջնորդվում են պանթյուրքիզմի գաղափարով։ Այդ հանգամանքները հայտնի են ամբողջ աշխարհին, սակայն որոշ պետություններ դրսևորում են քաղաքական մարմնավաճառություն և պատասխանատվության չեն ենթարկում ագրեսոր պետությանը։
«Նման անարդարություն է։ Դրա համար էլ պետք է պաշտպանվենք և փորձենք ջախջախել հակառակորդին, պաշտպանել մեր պատիվն ու ազատությունը»,- ասաց Տեր-Գրիգորյանցը՝ նշելով, որ պետք է զինվել, բարձրացնել սպառազինության մակարդակը, ձեռք բերել հարձակվողական զենքեր, ինչպես Հյուսիսային Կորեան, որն ունի զենք և որևէ սրիկա չի կարող հարձակվել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե նախահարձակ է եղել Արցախը, ապա Տեր-Գրիգորյանցը նշեց, որ վերջինս լկտի, անխիղճ հայտարարություն է արել, որ փոքր Արցախը կարող է հարձակվել, ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։