Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային
Advertisement 1000 x 90

Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային

Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Որոշումը կայացրել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, ով խնդրի շուրջ տարածած հատուկ հայտարարության մեջ նշել է. «Վերջին օրերին որոշ մեղադրանքներ էին հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում:

Ես անհապաղ հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Եվ հաշվի առնելով, որ բռնությունները շարունակվում են, սառեցրել եմ դրանք Թուրքիա արտահանելու արտոնագիրը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն քննել այդ հարցը»:

Ավելի վաղ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares-ը հաղորդել էր, թե Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերությունը: Ընդ որում, ռազմական փորձագետներն այս եզրակացությունն արել էին` ուսումնասիրելով ադրբեջանական զինուժի տարածած պաշտոնական տեսանյութերը:

The Globe և Mail պարբերականներն էլ պարզել էին, որ L3Harris Technologies֊ը այս տարի ավելի վաղ նմանատիպ յոթ համակարգ է մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը:

Հաղորդումները մեծ աղմուկ էին բարձրացրել երկրում, թեմային անցած շաաբաթավերջին անդրադարձել էր նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ընդգծելով` արտահանումները չպետք է հակասեն Օտտավայի որդեգրած սկզբունքներին և օրենքներին: Կանադայի ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Պաշտոնական Անկարան մեղադրել է Օտտավային ՆԱՏՕ-ի շրջանակում ստանձնած դաշնակցային պայմանավորվածությունները խախտելու, երկակի չափանիշներ կիրառելու և հայկական սփյուռքի շահերը սպասարկելու համար։

«Ակնկալում ենք, որ Կանադան կգործի անաչառ և առանց Թուրքիայի ընդդիմախոսների ազդեցությանը ենթարկվելու», – այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

azatutyun.am



Նման նյութեր