Ձերբակալություններ Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սխալ սահմանազատման պատճառով. «Ազատություն»
Advertisement 1000 x 90

Ձերբակալություններ Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սխալ սահմանազատման պատճառով. «Ազատություն»

Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին մասնակցած Արտաքին գործերի նախարարության և Ներքին գործերի նախարարության երկու պաշտոնյաների ձերբակալության մասին։ Սահմանազատման վրաց-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահ Իվերի Մելաշվիլին և նույն հանձնաժողովի անդամ Նատալյա Իլիչևան կասկածվում են Վրաստանի տարածքի մի մասը Ադրբեջանին անօրինականորեն փոխանցման համար։

«Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանի դեմարկացիան իրականացնել 1938 թվականին թողարկված քարտեզի հիման վրա։ Հետագայում, սակայն, կասկածյալները միտումնավոր կերպով թաքցրել են այդ քարտեզը՝ առաջնորդվելով 1970-80-ական թվականներին հրապարակված մի շարք այլ քարտեզներով», – այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ջարջի Ցիկլաուրին։

Նրա խոսքով՝ հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ այն քարտեզները, որոնցով առաջնորդվել են կասկածյալները, հակասել են Վրաստանի պատմական սահմաններին, այդ թվում՝ «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մասով։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Մելաշվիլին և Իլիչևան կարող են դատապարտվել 10-15 տարվա ազատազրկման՝ «Վրաստանի տարածքային անձեռնմխելիության խախտման» հոդվածով։

«Ազատություն»



Նման նյութեր