«Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ» եռանկյունին առավելագույն վտանգն է տարածաշրջանում. դեսպան Աղաջանյան
Advertisement 1000 x 90

«Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ» եռանկյունին առավելագույն վտանգն է տարածաշրջանում. դեսպան Աղաջանյան

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հարցազրույց է տվել Ինդոնեզիայի ազգային ռադիոյին (Radio Republik Indonesia)` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սկսված ագրեսիային առնչվող խնդիրները:

Իր հարցազրույցում դեսպանը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության հերոսական ժողովուրդը ներկայումս դիմագրավում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրենց ցեղասպանական քաղաքականությունն իրականացնելու ևս մեկ փորձի՝ ուղղված  Արցախի տարածքի ձեռքբերմանն առանց դրա բնիկ հայկական բնակչության: Ավելին, այսօր Արցախի պաշտպանության բանակը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, քանի որ Թուրքիան Սիրիայում ու Լիբիայում հավաքագրել է ահաբեկիչ զինյալների և տեղափոխել նրանց հակամարտության գոտի՝ Ադրբեջանի բանակի շարքերում կռվելու նպատակով»:

Անդրադառնալով բախումների հետևանքներին՝ Ձյունիկ Աղաջանյանը շեշտել է.

«…ամենամեծ մտահոգությունը քաղաքացիական բնակչության շրջանում կրած վնասն ու կորուստներն են, ինչը հետևանք է Արցախում, ճակատից շատ հեռու, բնակելի տարածքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխտիր ու դիտավորյալ թիրախավորման օդային հարվածներով ու հրթիռահամազարկային համակարգերից՝ մեծ տրամաչափի զինատեսակներից ռմբակոծումների: Ադրբեջանական կողմն ակտիվորեն օգտագործում է կասետային ռումբեր, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Սա պատերազմական հանցագործություն է և, միանշանակ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»:

Խոսելով Թուրքիայի նեոօսմանական նկրտումներին դիմագրավելու մասին՝ ՀՀ դեսպանն արձանագրել է, որ «Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչ զինյալներ» հանցագործ եռանկյունին ընկալվում է որպես մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առավելագույն վտանգ, և ժողովուրդը վճռական է տրամադրված միասնական ջանքերով դրա դեմ պայքարելու հարցում»:

Դեսպանը կրկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և հույս հայտնել, որ «միջազգային հանրության կողմից միջազգային խիստ արձագանքի շնորհիվ հնարավոր կլինի դադարեցնել բախումները, քանի որ պատերազմի  հետագա էսկալացիան սպառնում է վերածվել առավել լայն տարածաշրջանային ու համաշխարհային հակամարտության՝ միջտարածաշրջանային հետևանքներով ու ներգրավումներով»:

«Չմոռանանք, որ Հարավային Կովկասը տարբեր տարածաշրջանների, ռազմական դաշինքների, տարածաշրջանային ու գերտերությունների շահերի, կրոնների խաչման կետում է գտնվում: Եվ սա մեզ առավել զգուշավոր է դարձնում»,- ասել է դեսպան Աղաջանյանը:



Նման նյութեր