ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրովն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»,-ասված է հրամանագրում:
Միքայել Համբարձումյանը 2020-ի օգոստոսին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Մինչ այդ զբաղեցրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։