Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և վարչապետ Կուբատբեկ Բորոնովի գտնվելու վայրը հայտնի չէ, այսօր Интерфакс-ին տեղեկացրել է երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Օմուրբեկ Սուվանալիևը։
Վերջինս նաև հավելել է, որ անվտանգության նկատառումներով որոշում է կայացվել փակել սահմանը։
Սուվանալիևի խոսքով՝ երկրի առաջին դեմքերը հանրությանը չեն ներկայացել բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր։ Համացանցում հրապարակվել են նախագահի մի քանի ուղերձներ, բայց հայտնի չէ, թե դրանք որտեղ են ձայնագրվել։
Նա հավելել է, որ երկրում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Քաղաքական կուսակցությունները չեն կարողանում համաձայնության գալ։ Մենք ուժային կառույցների հետ միասին ամեն ինչ անում ենք, որպեսզի նոր բախումներ թույլ չտանք։ Կուսակցությունները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ իրավիճակը չապակայունացնելու համար»,- ասել է նա։
Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում ընդդիմության ցույցեր են սկսվել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ցույցերից հետո բուժօգնության է դիմել հազարից ավելի մարդ, կա մեկ զոհ։