Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կարծիքով՝ հանրապետությունում ապստամբություն է սկսվելու Թուրքիայի և ԱՄՆ-ի զորքերի դեմ, եթե նրանք չհեռանան երկրից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումից հետո։
Այդ մասին Ասադն ասել է РИА Новости-ին տված հարցազրույցում։
Սիրիայի ղեկավարը նշել է, որ թուրքական և ամերիկյան զինվորականների առկայությունը Սիրիայում պետք է գնահատել որպես օկուպացիա։ Ուստի Դամասկոսին անհրաժեշտ է ազատվել ԻՊ-ից, որն «ստեղծել, աջակցում են, և որին առաջադրանքներ են տալիս ամերիկացիները»։
«Եթե ամերիկացիներն ու թուրքերը դրանից հետո չհեռանան, միանգամայն օրինաչափորեն ժողովրդական դիմադրություն կսկսվի։ Դա միակ ճանապարհն է»,- կանխատեսել է Սիրիայի նախագահը։ Նա հավելել է, որ ո՛չ բանավեճերը, ո՛չ միջազգային իրավունքը չեն հարկադրի ԱՄՆ-ին և Թուրքիային, որ նրանք հեռանան, և դա ստուգված է Իրաքի օրինակով։ «Ի՞նչը ամերիկացիներին ստիպեց հեռանալ 2007 թ․–ին։ Դա իրաքցի ժողովրդի դիմադրությունն էր»,- ընդգծել է նա։
Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է նոր գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական կազմավորումները չլքեն երկրի հյուսիսը։