Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
Advertisement 1000 x 90

Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Մի խումբ իսրայելցի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:

«Ստորև ներկայացվողն արտահայտում է Կովկասի և հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելցի գիտնականների անձնական տեսակետները, և չի արտացոլում Եբրայական համալսարանի, կամ նրա հայագիտական բաժնի դիրքորոշումը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի կապակցությամբ: Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները՝ մենք եզրակացրում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան և մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալները:

Այս ռազմատենչությունն ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքացիական թիրախների և հիմնականում հայկական բնակչության դեմ և, միանշանակ, արժանի է դատապարտման:

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի և տարածքի պաշտպանություն է, և այն պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին:

Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան և վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանում լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը և հանգեցնելու են փոխհամաձայնությանը քաղաքական հարցերում: Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծի էթնիկ, կամ որևէ այլ լարվածություն:

Արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ՝ զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը:

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:

Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում՝ ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման 20-րդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների:

Մենք կոչ ենք անում իսրայելցիներին իրենց ձայնը բարձրաձայնել այս կարևոր խնդրի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունն ստորագրել են պրոֆ. Ռուբեն Ամիտայը, պրոֆ. Յաիր Աուրոնը, պրոֆ. Իսրայել Չարնին, Մորան Դեյչը, պրոֆ. Բենիամին Կեդարը, Յոավ Լոեֆֆը, պրոֆ. Բենի Մորիսը, դոկտոր Յաքիր Պազը, պրոֆ. Էլի Ռիխտերը, պրոֆ. Դոննա Շալևը, Մարկ Շերմանը, պրոֆ. Մայքլ Սթոունը, դոկտոր Յանա Չեխնանովեցը և պրոֆ. Դրոր Զըէյվին։



Նման նյութեր