Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում՝ ընդգծելով, որ այդ անհանգստությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին՝ հոկտեմբերի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ: ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ՌԴ ՊՆ-ի հավաստիացմամբ, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը: