Քաղաքագետը մարդկության դեմ հանցանք է համարում Արցախում հոսպիտալի թիրախավորումը
Advertisement 1000 x 90

Քաղաքագետը մարդկության դեմ հանցանք է համարում Արցախում հոսպիտալի թիրախավորումը

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը մարդկության դեմ պատերազմական հանցանք է համարում Արցախում հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հոսպիտալի թիրախավորումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գալստյանը նշեց, որ Ադրբեջանն արդեն քանիերորդ անգամ այս պատերազմում խախտում է միջազգային իրավանորմերն ու հումանիտար իրավունքը:

«Ադրբեջանն արդեն քանիերորդ անգամ խախտում է միջազգային իրավանորմերը, հումանիտարի իրավունքը, այդ թվում՝ հենց պատերազմի ժամանակ: Արտառոց ոչինչ չեմ տեսնում Ադրբեջանի գործողություններում և, ինչպես այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց` ցավոք, այսօր միջազգային հանրությունը, որը պետք է տեր կանգներ այդ պայմանագրերին, նորմերին, համարժեք արձագանք, համարժեք պատասխան չի տալիս»,- ասաց Գալստյանը:

Նարեկ Գալստյանը հավելեց, որ Ադրբեջանի ու նրան աջակցող Թուրքիայի գործողությունները ֆիզիկական անվտանգության մարտահրավեր են հայ ժողովրդի առջև:

«Սա մեզ համար կենսական անվտանգության հարց է, նրանց կողմից այս պահին մեր ֆիզիկական անվտանգությանը նետված մարտահրավեր է, դա միանշանակ: Երկուսն էլ այս պահին ոչ միայն հակառակորդ են, այլև թշնամի պետություններ են, որոնք ցանկանում են առնվազն մեր պարտությունը: Դատելով գործողությունների ոճից, նրանք պատրաստ են իրականացնելու նաև մարդկության դեմ պատերազմական հանցանքներ և իրականացնում են»,- նշեց Նարեկ Գալստյանը:



Նման նյութեր