Ֆրանսիայում եւս հինգ մարդ Է ձերբակալվել ուսուցչի սպանության գործի հետաքննության շրջանակներում, Միագումար կալանքի տակ գտնվում է ինը մարդ: Այդ մասին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդել Էր այդ գործով չորս ձերբակալվածների մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սկզբում Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են հարձակվողի ընտանիքի չորս անդամի՝ նրա ծնողներին, պապիկին եւ 17-ամյա եղբորը:
Ոստիկանությունը նրանց ձերբակալել Է Էվրյո կոմունայում եւ խուզարկություններ անցկացրել: Դրանից հետո ձերբակալել են եւս հինգ մարդու՝ աշակերտներից մեկի հորը, որը տեսահեռարձակում Էր իրականացրել սոցցանցերում եւ գանգատվել ուսուցչից, այդ տղամարդու ընկերոջը եւ եւս երեք հոգու:
Հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին չարագործը տղամարդուն գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Ենթադրյալ հարձակվողը ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարվել Է հարեւան Էրանյի կոմունայում:
Սպանության հետաքննությանը միացել Է դատախազության հակաահաբեկչական բաժինը: Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
BFMTV հեռուստաալիքը պնդում Է, որ ենթադրյալ չարագործը կարող Է ծնված լինել Մոսկվայում, նա 18 տարեկան Էր: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել Էր կոմունա, որտեղ կատարվել Էր սպանությունը, տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: