Մենք շատ բարձր ենք գնահատում Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովի այցը Արցախ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Սա խորհրդանշական է և ևս մեկ անգամ արտացոլում է հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ Պետք է ազատվել դեմագոգիայից, այո, մենք ունենք եղբայրական երկիր՝ ի դեմս Ռուսաստանի և բոլորիս պարտքն է այդ հարաբերությունները զարգացնել։ Հետևաբար մենք շատ բարձր ենք գնահատում այդ այցը»։
Նա նաև ընդգծեց, որ նոր որակ պետք է հաղորդել հայ ռուսական հարաբերությունների զարգացմանը։ «Այս պատերազմը այս ասպարեզում շատ բան ցույց տվեց։ Հույս ունենք, որ մեր հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կխորանան, համենայնդեպս՝ ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերների ներքո։ Ռուսաստանի Դաշնությունը գործուն քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում կայության և խաղաղության հաստատման ուղղությամբ, կրկնեմ՝ գործուն քայլեր։ ՌԴ-ն նույնպես ահաբեկիչների թիրախում է, տեսնում եք, որ Չեչնիայում են փորձել ահաբեկչական գործողություններ իրականացնել, Վոլգոգրադում, տեսանք ինչպիսի ոտնձգություն են փորձել իրականացնել, խոսքը՝ «Մայր Ռուսաստան» հուշարձանի վրա, որը խորհրդանշում է ռուսական ոգին, հաղթանակը, այս ամենն անպատասխան չի կարող մնալ։ Հետևաբար՝ այո, գործուն քայլեր ձեռնարկվելու են, որովհետև այս վտանգը համամարդկային վտանգ է, մեր ողջ պատմության ընթացքում մենք Ռուսաստանի հետ դիմակայել ենք համամարդկային վտանգներին, այս անգամ էլ միասին պետք է դիմակայենք համամարդկային վտանգներին»,-ասաց Բաբայանը։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը այցելել էր Արցախ։ Միլոնովը այցի ընթաքում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր, որ հայերի սպանում են միայն այն պատճառով, որ նրանք հայ են։
Նա ևս մեկ անգամ հաստատել էր, որ վարձկան ահաբեկիչներ են կռվում ադրբեջանակն կողմից։ «Ադրբեջանին ներքաշել են ռազմական ավանտյուրայի մեջ, որը հայ և ադրբեջանցի զինվորականների կյանքն է արժենում։ Ցանկացած տարաձայնություն պետք է լուծվի բանացությունների միջոցով, թեկուզ շատ ծանր բանակցությունների, սակայն պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական դրոնների միջոցով, որոնք անդադար սպանում են»։
Նա պատմել է, որ այցելել է հոսպիտալ, որտեղ ծանր վիրավորներ կան։ «30 րոպե առաջ պայթել են 10 հրթիռ, որ բաց է թողել թուրքական ԱԹՍ-ն, ընդ որում՝ դրանք պայթել են ոչ ռազմական բազայի տարածքում , այլ հարվածել են խաղաղ տներին, մի քանի մարդ մահացել է։ Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի երկինքը թուրքական թռչող մահից»։
Ադրբեջանն պատգամավորին ներառել է իրենց սև ցուցակում, այն պատճառով, որ նա գտնվել է Ստեփանակերտում։ «Եթե Ադրբեջանը այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում խաղաղ բնակիչներին, երեխաներին սպանելու, ռմբակոծելու համար` ապա ես չեմ ցանկանում լինել նրանց սպիտակ ցուցակներում, ես գերադասում եմ սև ցուցակները։ Այնպես որ թող իմանան` սև ցուցակը` ինձ համար պատիվ է, ես հայ եղբայրների հետ եմ»,- հայտնել է պատգամավոր Վիտալի Միլոնովը: