Քիչ առաջ տեղեկացանք, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի դրդմամբ և հովանավորությամբ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Նա հիշեցրել էր նաև, որ երեկ՝ 16.10, 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել էր Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։
Այս գործով փաստաբանը, ինչպես հասկանում ենք, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, միջազգային և սահմանադրական իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի լուրջ փորձառություն ունեցող Սիրանուշ Սահակյանն է, ով թեպետ երբեք չի բարձրաձայնում այն մասին, թե ինչ տիտանական աշխատանք է տանում միջազգային ատյաններում մեր շահերն առաջ տանելու հարցում, բայց իրավաբանական և լրագրողական շրջանակներն առնվազն տեղեկացված են:
Երեկ, հավանաբար հենց սա նկատի ունենալով էլ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Սիրանուշն ա…
Հիշեք իրա դեմքը, որովհետև լուռ իրա կռիվնա տալիս միջազգային ատյաններում…
Իրան ու իրա պրոֆեսիոնալիզմին ենք պարտական բոլոր են հաղթանակների համար, որոնք արձանագրում ենք էսօր միջազգային դատական ատյաններում ու դեռ արձանագրելու ենք:
Ինքը էն զինվորներիցա, որ առանց սելֆիներիա խրամատում կռիվ տալիս, ուղղակի իրա փորած խրամատը միջազգային ատյաններումա»:
Արմինե Վարդանյան