Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը թանկ է նստում նաև ռազմաճակատին հարակից աշխարհագրական գոտում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը, տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համադրմամբ պարզ է դառնում, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ռազմական գործողությունների պատճառով կրել են զգալի նյութական վնաս ու ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։
«Ամբողջովին ամայացել են Շահումյանի շրջանի նախկինում հայաբնակ գյուղերը։ Ապահովության համար իրենց տներն ու բնակության վայրերն են սկսել լքել նաև ռազմաճակատից բավական հեռու գտնվող գյուղերի բնակիչները, թերևս լուրջ մտավախություններ ունենալով, որ կհայտնվեն ռմբակոծությունների տակ կամ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը ադրբեջանական բանակի հնարավոր նահանջի դեպքում», ասաց Դեմոյանը։
Պատմաբանը փաստեց՝ հազարավոր ադրբեջանցիներ լքել են իրենց բնակավայրերը Թարթառ, Նավթալան, Խանլար, Դաշքեսան, Բարդա, Աղջաբեդի, Միրբաշիր քաղաքներում և դրանց շրջակայքում գտնվող տասնյակ գյուղերում։ Բացի այդ, զգալի թվով ադրբեջանցիներ լքել են Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք հանդիսացող Գյանջայի իրենց բնակարանները՝ շարժվելով դեպի Ադրբեջանի առավել ապահով արևմտյան հատվածներ։
«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռազմական գործողությունների անմիջական հարևանությամբ գտնվող քաղաքներում մնացել են հատուկենտ տղամարդիկ։ Պատերազմական գործողությունների հետագա ծավալմանը զուգընթաց ներքին տեղահանվածների նոր հոսքի ավելացումը զգալի խնդիրներ կարող է հարուցել Ադրբեջանի ռազմամոլ իշխանությունների համար։ Նրանցից շատերը կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրերը միայն ականազերծման ու վերականգման աշխատանքների ավարտից հետո»,- եզրափակեց Դեմոյանը։