Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները բռնել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի երկու անդամների, որոնք կապված են սիրիացի զինյալների հետ: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը:
«ԱԱՊԿ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, որոնք նպատակամղված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ընդհատակյա կառույցների գործունեության և դրանց ֆինանսավորման ուղիների հայտնաբերմանը, կանխմանը և ոչնչացմանը, ՆԳՆ հետ համատեղ Ջալալ Աբադ քաղաքում ձերբակալել են հանրապետության երկու քաղաքացու»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մամուլի կենտրոնի տվյալներով՝ ձերբակալվածները, որոնց անուններն ու ազգանունները հետաքննության նպատակով առայժմ չեն նշվում, հոկտեմբերի 19-ին հարձակում են գործել տեղացի ձեռնարկչի վրա և «(նրանից) հափշտակել 400 հազար սոմ (շուրջ 5 հազար դոլար) գումարի դրամական միջոցներ»:
Խուզարկության ժամանակ կասկածյալների մոտ հայտնաբերվել են «հափշտակված դրամական միջոցները, կեղծ արտարժույթ, Էլեկտրաշոկեր, ծակող-կտրող առարկաներ»:
«Ձերբակալվածներին կասկածում են Սիրիայի տարածքում ապօրինի զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ: Իրենց պարագլխի հրահանգով նրանք ժամանել են հանրապետություն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական օժանդակության ապահովման նպատակով»,- նշում Է ԱԱՊԿ-ն: Կասկածյալները գտնվում են Ջալալ Աբադի ներքին գործերի քաղաքային բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանում: