Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր մասնակցել է օրերս կյանքից հեռացած «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությանը:
Կեսօրից հետո Էրդողանը կնոջ հետ միասին ժամանել է Պոլսո Հայոց պատրիարքարան, ապա ներկա գտնվել հոգեհանգստի կարգին Սուրբ Աստվածածնի Մայր եկեղեցում:
Բացի նախագահից, հոգեհանգստին մասնակցել են նաև քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ:
Արարողությունից հետո Եսայանի աճյունը ամփոփվելու է Շիշլիի հայկական գերեզմանատանը:
51-ամյա նախկին լրագրող, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերից 2018 թվականից ի վեր պատգամավորի հանդիսացող Մարգար Եսայանը վախճանվել է անցած շաբաթ երկարատև քաղցկեղի հետևանքով: Նրա մահվան լուրը իր թվիթերյան էջում հայտնել էր նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը: