Իսրայելի ամբողջ տարածքում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի ակցիաներ ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեսանյահուի, հաղորդում է The Jerusalem Post-ը: Ակցիաների մասնակիցները դժգոհում են երկրում մի շարք խնդիրներից՝ կորոնավիրուսի համավարակի նկատմամբ կառավարության արձագանքից մինչեւ կոռուպցիայում մեղադրանքները, որոնք առաջադրվել են վարչապետի նկատմամբ, եւ տնտեսական վիճակն Իսրայելում:
Խոշոր ցույցեր են անցկացվել ոչ միայն երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, սակայն նաեւ համեմատաբար փոքր բնակավայրերում: Բացի այդ, ստացվել են հաղորդագրություններ կատաղի բախումների եւ անգամ ցուցարարների վրա հարձակումների մասին: Haaretz-ի հաղորդմամբ՝ Երուսաղեմում Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել էր 2000 ցուցարար, ընդ որում՝ ցուցարարների մյուս խումբն անցկացրել է քայլերթ քաղաքի խոշորագույն փողոցներում:
Նշվում է, որ տեղի են ունեցել բախումներ, որոնց հետեւանքով ոստիկանությունը ձերբակալել է յոթ ցուցարարի ոստիկանության սպաներին վիրավորելու եւ հասարակական կարգը խախտելու համար: Maariv պարբերականը նշում է, որ Թել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու ցուցարարներին էլեկտրաշոկերով սպառնալու համար: Հաղորդվել է նաեւ ցուցարարների վրա մի շարք հարձակումների մասին: