Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարզել է հանցագործի ինքնությունը, որը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղում պատանդներ էր վերցրել։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Գրուզիան՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին ինքնաձիգով և նռնակով զինված անհայտ տղամարդը ներխուժել էր Զուգդիդի քաղաքում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և 43 մարդու պատանդառել։ Տղամարդը կես միլիոն դոլար և անվտանգության երաշխիքներ էր պահանջել։ Նրա երկու պահանջներն էլ կատարվել էին՝ պատանդների կյանքը չվտանգելու ու նրանց չվնասելու դիմաց։ Գումարը ստանալուց և պատանդներին ազատ արձակելուց հետո հանցագործին հաջողվել էր ճողոպրել։
«Ներքին գործերի նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և հասարակության բոլոր ներկայացուցիչներին. եթե տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել հանցագործի ինքնությունը և նրա լուսանկարը` հասանելի, խնդրում ենք չտարածել այդ տեղեկատվությունը, քանի որ այն կխանգարի քննչական գործողություններին»,- նշված է հայտարարության մեջ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։
Հետաքննությունը վարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով ՝ 179, 236 եւ 144 հոդվածներով՝ «Ավազակություն», «Ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը և կրելը», «Պատանդներ վերցնելը»: