Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով հեռավար դասընթացները մեկնարկում են նոյեմբերի 1-ից:
Դասընթացին կմասնակցեն հանրապետության դպրոցների 2-ական մանկավարժներ: Մասնակիցներին կներկայացնեն դպրոցները և ՏՄԱԿ-ները՝ մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի միջոցով, որոնց արդեն ուղարկվել են համապատասխան շրջաբերականներ:
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝ պատկերացում հոգետրավմայի մասին, հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները, հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում, մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ, մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։
Պատերազմական իրավիճակը խաթարում է երեխայի կենսագործունեության միանգամից քանի ոլորտ և ամենածանր հետևանքները կարող է թողնել նրա զարգացման վրա։ Տրավմատիզացիայի հաղթահարման լավագույն ուղիներից մեկը երեխաներին կրթության ոլորտում ներառելն ու նրանց առօրյան վերականգնելն է։