Շատ էին իրար սիրում… Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շատ էին իրար սիրում… Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը. armeniasputnik.am

Օրերս համացանցում ահասարսուռ մի պատմություն տարածվեց. Արցախում զոհված ամուսնու թաղման ճանապարհին ավտովթարի հետևանքով երիտասարդ կինն էր մահացել։ Ընդ որում, երրորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը 8 օր անց։

32-ամյա Վահե Քարամյանն Արցախում հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 19-ին։ Ամուսնու հուղարկավորության ճանապարհին չարաբաստիկ վթարից մահացավ նաև նրա կինը` 31-ամյա Շուշանը: Սիրող ու սիրուն զույգից հարազատներին մնացին անսահման ցավը, կարոտն ու 3 որբացած երեխաները, որոնցից ամենափոքրը մի քանի օրական է:

Վահե Քարամյանը

Վահեն ու Շուշանն առաջին անգամ հանդիպեցին Ճարտարագիտական համալսարանում: Շուշանն այնտեղ էր աշխատում, Վահեին էլ գործն էր բերել: Շուշանի խոշոր, գեղեցիկ աչքերը տեսնելու առաջին րոպեից Վահեն հասկացավ` իր ապագա կնոջն է հանդիպել: Շփվող, նախաձեռնող, միշտ օգնության հասնող, աշխույժ Վահեն Շուշանի սիրտն արագ նվաճեց։ Այդպես ամուսնացան, ընտանիք դարձան։

Մոտ մեկ տարի է` Վահեն խաղաղապահների գնդում էր ծառայում, սերժանտ էր: Դրանից առաջ էլ Սիսիանում պայմանագրային զինծառայող էր: Զինվորականի կյանքը պատահական չէր ընտրել:

«Աղջիկս, մենք զինվորականների ընտանիք ենք: Եղբայրս` Վահեի հայրը, 20 տարվա զինվորական է, վերջերս է թոշակի անցել, արցախյան ազատամարտի մասնակից է, Սիսական գնդի հիմնադիրներից մեկը: Մայրս «связист» է եղել», – պատմում է Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը, հետո խորը հոգոց քաշում ու շարունակում` երկու եղբայրներով մեր մինուճար տղաներին կորցրինք: Վահեի հորեղբոր որդին` Հայկը, 2018 թվականին մարտական դիրքում է զոհվել, 23 տարեկան էր: Ընտանիքը մի ողբերգությունից դեռ աչք չէր բացել, երբ…

Վահեն ու Շուշանն իրենց 4-ամյա դստեր և 2-ամյա որդու հետ վարձով ապրում էին Երևանում: Երկուսի աշխատանքն էլ մայրաքաղաքում էր, դրա համար էլ Վահեի ծննդավայր Սիսիանից հեռացել էին: Վահեի հորեղբոր աղջիկը` Նաիրան, ասում է` նրանք ոչ միայն սիրով ամուսիններ էին, այլ նաև լավ ընկերներ:

«Շատ համերաշխ, սիրով, նախանձելի հայկական ընտանիք էր։  Կես բառից իրար հասկանում էին ու անսահման շատ էին սիրում միմյանց։ Միշտ հպարտացել եմ, որ Շուշանի նման հարսիկ ունեմ, հարսիկ չէ, քույր՝ շատ խելացի, բարի ու հասկացող»։

2020 թվականը Վահեի ու Շուշանի ընտանիքին մեծ երջանկություն պիտի բերեր` տարեվերջին 2-րդ որդին էր լույս աշխարհ գալու:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմն, ու զինվորական Վահեն հենց առաջին օրն Արցախ մեկնելու հրաման ստացավ: Որպեսզի հղի կինը չանհանգստանա, ասել էր, թե Հայաստանում է ծառայությունն իրականացնելու, կոնկրետ վայր չէր նշել` ծառայողական գաղտնիք է: Բայց կնոջ սիրտը վկայում էր` ամուսինն Արցախում է։ Անհանգստությունից, հուզմունքից ժամկետից գրեթե 2 ամիս շուտ` հոկտեմբերի 15-ին, Շուշանը ծննդաբերեց: Որոշել էին` տղային Հայկ են անվանելու ի հիշատակ զոհված հորեղբորորդու: Հոկտեմբերի 18-ի կեսօրին ամուսինները վերջին հեռախոսազրույցն ունեցան: Հաջորդ օրը Ֆիզուլիում ծանր մարտերի ժամանակ Վահեն զոհվեց:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am