Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ 7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ սեպտեմբերի 29-ին մոտ 3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին: Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում դիրքապահ զինվորը պատմում է, որ ամենածանր հարձակումը եղել է սեպտեմբերի 29-ին, թշնամին այդ օրը միայն հրետակոծությամբ չի սահմանափակվել:
«Սեպտեմբերի 29-ին ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն խումբը բարձանում է մեր դիրքի ուղղությամբ և ցանկանում է մտնել մեր դիրք: Մոտ երկու-երեք ժամ տևած մարտից հետո հակառակորդը փախուստի է դիմել, թողնելով իր զենքը ու զինամթերքը»,- ասել է դիրքապահ զինվորը:
Նրա խոսքով` ոչ բոլորն են հասցրել փախչել, միջդիրքային տարածքում մնացել են թշնամու մարմիններ: Դիվերսանտներից 7-ը խրամատում են վնասազերծվել և հողով ծածկվել հարձակումից մոտ մեկ ամիս անց:
«Դիվերսիոն խմբում եղել են ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև տարբեր ազգերի մարդիկ, նրանց մոտ տարբեր երկրների զինգրքույկներ էին»,- նշել է զինվորը: