Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված երկու հոգևորականների նահատակ է հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արգենտինական «infobae»-ը կայքը, այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Հռոմի պապն արտոնել է հրամանագրի հրապարակումը, որում նշվում է. «Աստծո ծառաներ Կապուցինների կրտսեր վանականների միաբանության քահանաներ Լեոնարդ Մելկինը և Թոմաս Սալեհը նահատակվել են 1915 եւ 1917 թվականներին Թուրքիայում հավատքի հանդեպ ատելության պատճառով»:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ Բեյրութից 22 կմ հեռավորության վրա գտնվող Բաաբդաթ քաղաքում երկու միսիոներները ձերբակալվել, կտտանքների են ենթարկվել և սպանվել: