Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառումը կարող է լուրջ էկոլոգիական վտանգ առաջացնել ոչ միայն Արցախում, այլ նաև տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի օգտագործումը, իհարկե, շատ վտանգավոր է: Ամեն տեսակի բացասական երևույթներ կարող են առաջանալ: Անտառները կարող են կորցնել աճելու հնարավորությունը, նորմալ կենսական ֆունկցիաները: Այսինքն` անտառի ոչնչացման ռիսկ գոյություն ունի»,- ասաց Դանիելյանը:
Դանիելյանի կարծիքով` Հայաստանի բնապահպանական կառույցները պետք է աշխատեն միջազգային գործընկերների հետ, նրանց ներկայացնելու, որ նման զինատեսակի կիրառումը վտանգավոր է շրջակա միջավայրի համար:
«Անհրաժեշտ են ուսումնասիրություններ, թե որքան է մնալու ֆոսֆորը բնության մեջ: Ի վերջո, ջրի և օդի միջոցով այն կարող է տարածվել: Անընդհատ պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, թե ինչ է անում Ադրբեջանը բնության հետ՝ նման զինատեսակներ կիրառելով: Խնդիրը այստեղ նաև էկոլոգիական է»,- ասաց Դանիելյանը: