Ավինյանն անդրադարձել է պատերազմը դադարեցնելու հայտարարությունից հետո Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին
Advertisement 1000 x 90

Ավինյանն անդրադարձել է պատերազմը դադարեցնելու հայտարարությունից հետո Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության հրապարակումից հետո Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին: Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հիշեցրել է, որ այդ իրադարձությունների ընթացքում հարձակվել են Ազգային ժողովի նախագահի վրա, նրան ծանր հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով Միրզոյանը վիրահատվել է: Ավինյանը նաև հայտնել է, որ որոշ ագրեսիվ մարդիկ հարձակվել են նաև վարչապետի մամուլի խոսնակի վրա:

«Երեկ հարձակվել են վարչապետի մամուլի խոսնակի վրա ագրեսիվ մարդիկ՝ ոնց որ թե որոշ կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչներ: Եվ այս պարագայում ինձ մի հարց է հուզում՝ ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ գնում էին Շուշիի համար կռիվները, ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Արցախի նախագահը կոչ էր անում բոլորին գալ Շուշիի պաշտպանությանը, ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Շուշին պաշտպանում էին այն ուժերով, որոնք տեղում եղել են: Իմ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, իմ գրասենյակի երկու աշխատակից վիրավոր պառկած են՝ նույն Շուշիի հրետակոծության հետևանքով: Ո՞ւր էին այդ մարդիկ, որոնք երեկ մտել են իմ սենյակ և գողացել են ավետարանը, որը մտածել են, թե ոսկեզօծ է ու հուշանվերներ են գողացել»,- ասաց Ավինյանը: