Դատելով էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններից, կարելի է ասել, որ նա չի պատկերացնում, թե ինչ պաշտոն է ստանձնել և անշուշտ չի պատկերացնում երկրի խնդիրները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը:
«Այդ ամբողջ հայտարարությունների շղթան ցույց է տալիս, որ մարդը մակրոտնտեսական իրավիճակին ընդհանրապես չի տիրապետում, դրա սոցիալական բաղադրիչներին չի տիրապետում, անհեթեթ հայտարարություններ է անում և կարող է շատ վտանգավոր քաղաքականություն իրականացնել»,- նշեց տնտեսագետը:
Օրերս Առաջին ալիքի հետ հարցազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, անդրադառնալով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է տարածաշրջանի կոմունիկացիաները՝սահմանները, տնտեսական կապերը բացել, հայտարարել էր. «Մենք պատրասվում ենք կազմել ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել բոլոր այն օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից: Սահմանների բացումն ընձեռելու է լայն հնարավորություններ, բացվելու են թուրքական պորտերը: Միգուցե նաև կբացեն Ադրբեջանի շուկան մեզ համար և մեր շուկան Ադրբեջանի համար»:
Հրանտ Միքայելյանը իրատեսական չի համարում տարածաշրջանի ապաշրջափակումը: Չնայած հայտարարությունում առկա է այդ մասին կետ, սակայն, ըստ նրա՝ այն լղոզված է և որևէ պարտադրանք այդտեղ չկա: Բացի այդ, տնտեսագետը նման ձգտում չի տեսնում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, հետևաբար, կասկածում է, որ նման հնարավորություն կա:
«Այդ հնարավորությունները, որի մասին ասում է, որտեղ է նա տեսնում, ես չգիտեմ: Մենք արդեն այդ խոսակցությունների մասին շատ ենք լսել, բայց եկեք իրատես լինենք: Հնարավորություններ ստեղծելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, այլ ոչ թե խոսքեր ու շատ չհաշվարկած քայլեր»,- ասաց նա:
Ամբոզջությամբ՝ tert.am