Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի մասին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման ամենից ուշագրավ կետը հաստատումն է Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության։
«Սա կարող է լինել ուղենիշ՝ հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության մշակման։ Բելգիայի խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում նաեւ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին՝ նշելով միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը։ Բելգիական բանաձեւի այս նախագիծը ըստ էության լրացնում է Ֆրանսիայի Սենատի որոշմանը Արցախի ճանաչման առումով»,- ասաց նա։
Գանտահարյանը հավելեց՝ ընկալելով Ֆրանսիայի կամ ընդհանրապես Եվրոպայի վերջին գործընթացներից դուրս մնալու իրողությունից բխած այս քայլերի քաղաքական տրամաբանությունը, այդուհանդերձ պետք է նկատել, որ երկու որոշումներում բանաձևվել են բանակցային ռազմավարության գերակա երկու ուղղություն՝ Արցախի (ԼՂԻՄ) տարածքային ամբողջականության վերականգնման եւ այդ սահմաններով անկախության ճանաչման առաջադրանք։