Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ Արցախում նախատեսվում է կառուցել մոտ 8000 բնակելի տուն։ «Արցախպրեսի» հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝ դրանք կլինեն արագ կառուցվող տներ՝ հիմնականում 2,3,4 սենյակներով։ Քաղաքաշինության նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն արդեն ներկայացրել է առաջին 1000 տան դիմումները։ Ըստ առաջնահերթությունների՝ կիրականացվի հաշվառում և կներկայացվի ընտանիքների կազմը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 2800 օբյեկտ։ ԱՀ քաղշին նախարարի տեղեկություններով՝ մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն. դրանց մեծը մասը բնակելի տներ են։ Պատերազմի հետևանքով ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը, ապա նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:
«Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ ներկայումս կանգնեցվել են ծրագրային բոլոր օբյեկտների, ճանապարհաշինության և բնակարանաշինության ոլորտների շինարարական աշխատանքները: Այժմ ավերված շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն»,- նշում է գործակալությունը։
Հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանը՝ նախարար Սարգսյանն առաջնահերթ է համարում տանիքների և կոտրված պատուհանների վերականգման աշխատանքները։ Նախարարի խոսքով՝ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հունվար: