Ընթացիկ տարվա արդյունքներով «ԿամԱզի» արտահանումը նախատեսված 6.7 հազար ավտոմեքենա ծավալից ցածր կլինի՝ բեռնատարները Հայաստան և Վիետնամ ժամանակին առաքելու անհնարինության պատճառով: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը։
«Արտահանումն ավելի բարդ է, հիմա ակտիվորեն ընթանում են բեռնափոխանցման աշխատանքները։ Այս տարի երկու լուրջ խնդիր կա. Հայաստանի հետ պայմանագրի կատարումը հայտնի իրադարձությունների պատճառով հետաձգվել է։ Սահմանները փակ էին, Վրաստանն իր տարածքով տեխնիկայի անցում չէր թույլատրում։ Տեխնիկայի ծավալը բավականին զգալի է»,-ընդգծել է գլխավոր մենեջերը։
Միաժամանակ 2020թ․-ի առաջին կիսամյակում «ԿամԱզն» ավելացրել է արտահանումը՝ տարեկան կտրվածքով 37%, մինչև 1890 միավոր տեխնիկա։
Իսկ Վիետնամում բյուրոկրատական մեքենան համավարակի պայմաններում դժվարությամբ է աշխատում։
«Մինչ մենք ամեն ինչ ձևակերպեցինք, ակրեդիտիվներ բացեցինք՝ ժամանակն անցավ և հիմա ակտիվորեն փոխանցում ենք պատրաստի տեխնիկան։ Մենք ռիսկի դիմեցինք և արտադրություն սկսեցինք բաց ակրեդիտիվի բացակայության պայմաններում ու չպարտվեցինք․ հենց որ ակրեդիտիվը բացվեց, մենք Նովոռոսսիյսկում արդեն տեխնիկայի մեծ խմբաքանակ ունեինք, նավերն իսկույն մոտեցան և սկսվեց բեռնումը։ Այնտեղ վաճառում ենք տեղական խոշորհանգույց հավաքման մեքենաները»,-նշել է Կոգոգինը։
Ըստ նախորդ տարվա վերջին հաստատված բիզնես-պլանի` «ԿամԱզը» 2020թ․-ին ցանկանում էր Ռուսաստանում վաճառքը պահպանել 2019թ․-ի մակարդակին՝ 29 հազար մեքենա, իսկ արտահանումը՝ 6,7 հազար միավոր։
Գլխավոր տնօրենի խոսքով՝ արտահանումը բիզնես-պլանով նախատեսվածից քիչ կլինի, բայց թվերը կլրացվեն ներքին շուկայի հաշվին։