Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ հայ ժողովրդին մաղթում է պատվով դուրս գալ բարդ իրավիճակից։
Լուկաշենկոն կառուցողական ելույթի համար շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և հանկարծ փոխեց թեման։
«Մենք բոլորս գիտենք, հատկապես Բելառուսում շատ լավ են հասկանում, որ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Եվ թույլ տվեք մեր նիստի բոլոր մասնակիցների անունից հաջողություն մաղթել այս դժվարին պայքարում: Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այն վիճակից, որի պատճառը և՛ միջազգային ասպարեզում, և՛ մեր պետությունների ներսում առկա խնդիրներ են», – ասաց նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: