Ադրբեջանի տասը քաղաքացիներին արգելել են մուտք գործել Ռուսաստան այն բանից հետո, երբ նրանք Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում «Ղարաբաղ» կարգախոսներով չարտոնված ակցիա են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է «Ֆոնտանկա» պարբերականը։
Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ակցիայի մասնակիցներին, որոնք կաթվածահար էին արել երթևեկությունը Պետերբուրգի Նևսկու պողոտայում, վարչական պատասխանատվության են ենթարկել։
Պարբերականի տվյալների համաձայն՝ 21-ից 31 տարեկան Ադրբեջանի քաղաքացիներին մեղսագրվում է «մասնակցություն չարտոնված հավաքին, հանրահավաքին, որի հետևանքով տրանսպորտային կամ սոցիալական ենթակառուցվածքի գործառույթների իրականացման խափանում է առաջացել»։
Բացի այդ, մի քանիսին վարչական պատասխանատվության են ենթարկել մարդկանց մեքենայի խցիկից դուրս բերելու, ապակիների սխալ տոնավորման, առանց ապահովագրության մեքենա վարելու, անվտանգության գոտի չկապելու և այլ խախտումների համար։
Մասնակիցներից 9-ին երեք տարի ժամկետով են արգելել մուտք գործել Ռուսաստան, իսկ մեկին՝ հինգ տարի։ Բացի այդ, չեղարկել են Ռուսաստանում ապրելու ժամանակավոր թույլտվությունները՝ միգրացիոն օրենսդրության բացահայտված խախտումների պատճառով։
Ռազմական հակամարտությանը նվիրված ակցիան տեղի է ունեցել Նևսկու պողոտայի երթևեկելի հատվածում այս տարվա նոյեմբերի սկզբին։ Դրա պատճառով մայրուղու երթևեկությունը ժամանակավորապես դժվարացել էր։