«Սեւ հովազի» ստեղծողները հրաժարվել են ֆրանշիզայի երկրորդ մասում փոխարինող փնտրել մահացած դերասան Չեդվիկ Բոուզմանին: Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Marvel Studios-ի ղեկավար Քեւին Ֆայգին։
Հեղինակները կկենտրոնանան առաջին ֆիլմի այլ կերպարների վրա։ Marvel ստուդիայի ղեկավարը հայտարարել է, որ այդպես իրենք կհարգեն դերասանի հիշատակը։
Ֆայգին Բոուզմանի մահը կործանարար կորուստ է անվանել։ «Չեդվիկ Բոուզմանը չափազանց տաղանդավոր դերասան եւ ոգեշնչող մարդ էր, ով ազդել է մեր ողջ մասնագիտական եւ անձնական կյանքի վրա: «Սեւ Հովազում» նրա կերպարը կուլտային է եւ գերազանցում է Marvel-ի անցյալի ցանկացած այլ կերպարի բնավորությունը», – նշել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Netflix սթրիմինգային ծառայությունը «Սեւ հովազի» աստղ Չեդվիկ Բոուզմանին հետմահու կառաջադրի «Օսկար» կինոմրցանակաբաշխության համար: Դերասանին ցանկանում են առաջադրել «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում՝ «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմում նրա աշխատանքի համար, որի համաշխարհային պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին:
Օգոստոսի 29-ին հայտնի է դարձել, որ Չեդվիկ Բոուզմանը մահացել է Լոս Անջելեսում հաստ աղիքի քաղցկեղի պատճառով։ Նա 43 տարեկան էր։ Նա հրապարակավ չէր պատմում իր հիվանդության մասին։