Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն է, ՀՀ միգրացիոն ծառայությունն այս առիթով ներկայացրել է իրականացված աշխատանքների տարեկան ամփոփ նկարագրությունները՝ ըստ ոլորտների:
Միգրացիոն ծառայությունը հիշեցրել է, որ 2020 թվականը նախորդ տարիներից տարբերվեց միգրացիոն հոսքերի բացառիկ պասիվությամբ ամբողջ աշխարհում՝ պայմանավորված COVID-19 համաճարակի կանխարգելման միջոցառումներով: Այդուհանդերձ, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը ինչպես բնականոն կերպով իրականացրել է իր գործառույթները ապաստանի դիմումների ընդունման, փախստականների ինտեգրման և վերադարձի ու վերաինտեգրման ուղղություններով, այնպես էլ կատարել է լրացուցիչ գործառույթներ՝ կապված սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած անձանց տվյալների հավաքագրման ուղղությամբ:
2020-ին Միգրացիոն ծառայությունը մեկնարկել է 2019-ի վերջին հաստատված բնակապահովման ծրագիրը՝ 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած փախստական ընտանիքների համար: Տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվել է առաջին փուլի շրջանակում նախատեսված բնակարանի գնման վկայականների (ԲԳՎ) հանձնումը շահառուներին, և մեկնարկել ծրագրի երկրորդ փուլը: Առաջին փուլի շրջանակում բնակարան գտած և գնման գործընթացի համար դիմած ընտանիքների թիվը կազմել է 62, այդ թվում՝ կնքված պայմանագրերի թիվը՝ 44: Ծրագրի այս փուլի շրջանակում տրամադրված գումարի ընդհանուր չափը կազմում է 1. 236. 560. 000 դրամ, այդ թվում: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Երևանի ևս հինգ վարչական շրջաններից (Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն) հավակնորդ 140 շահառուներից հանձնաժողովին են ներկայացվել 100 գործեր, որոնցից դրական եզրակացություն է տրվել 61-ին, բացասական՝ 21-ին: Հաշվետու ժամանակահատվածում լրացուցիչ քննարկման կարիք ունեցող 15 գործ է առանձնացվել: 2 շահառու գտել է բնակարան և դիմել գնման գործընթացի համար, որոնցից մեկը հաջողությամբ ավարտել է գործընթացը: Տրամադրված գումարի չափը կազմում է 1.362.898.500 դրամ:
Միգրացիոն ծառայությունը պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրից զբաղվել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ, համապատասխան այլ գերատեսչություններին, ըստ աշխատանքային անհրաժեշտության, դրանց տրամադրմամբ: Հավաքագրվող տվյալները ներառում են նաև կարիքների առաջնային գնահատում, ինչի հիման վրա իրականացվել է և շարունակում է իրականացվել սոցիալական աջակցության տրամադրում կարիքավոր ընտանիքներին: Էլեկտրոնային շտեմարանում այս պահին գրանցված են ավելի քան 90 հազար անձանց տվյալներ: Վերադարձի ցուցանիշները արտացոլված չեն շտեմարանում՝ Արցախի Հանրապետությունից վերադարձի հետ կապված տվյալների ստացման դժվարություններով պայմանավորված։ Այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են։
ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի որոշմամբ հաստատվել է «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»: Դրա շրջանակում Միգրացիոն ծառայության կողմից իրականացվում է նաև բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազար դրամի չափով՝ միայն հարկադիր վերադարձողների համար: Ծրագրի մեկնարկից ի վեր բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանալու համար քաղաքացիների կողմից ստացվել են բազմաթիվ դիմումներ, որոնցից այս պահի դրությամբ բավարարվել են 10-ը, շահառուները՝ Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են:
Միգրացիոն ծառայությունն աշխատանքներ է տարել նաև օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում:
Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է նաև սահմանահատումների դինամիկան ընթացիկ տարվա ինն ամիսներին: