Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:
Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:
Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը»,- ասվում է ուղերձում:
Հիշեցնենք, որ Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը 73 տարեկանում մահացել է սրտի խնդիրների պատճառով: