Ծանր նիկոտինային կախվածություն է առաջանում ոչ միայն նրանց մոտ, ովքեր շատ են ծխում, այլեւ նույնիսկ «թեթեւ» ծխողների մոտ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Preventive Medicine-ում:
«Հետազոտությունը ցույց է տվել, որ շատ թեթեւ ծխողները, ներառյալ նրանք, ովքեր ամեն օր չեն ծխում, կարող են ծխախոտից կախվածության մեջ լինել»,- ասել է հետազոտության համահեղինակ, Փենսիլվանիա նահանգի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Ֆաուլդսը:
Կարծիք կա, որ օրական 10 ծխախոտից պակաս ծխողները նիկոտինից թույլ կախվածություն ունեն, հայտնում է Medportal.ru-ն: Բայց այս հետազոտությունը հերքել է այդ առասպելը:
Հետազոտության ժամանակ ավելի քան 6700 ծխողներ նիկոտինային կախվածության (ծխախոտի օգտագործման հետ կապված խանգարում) լիակատար հետազոտություն են անցել ախտորոշման 11 չափորոշիչների հիման վրա: Գիտնականները նիկոտինից կախվածության որոշակի՝ թեթեւից մինչեւ ծանր աստիճան են հայտնաբերել մասնակիցներից 85 տոկոսի մոտ: Ավելին՝ պարզվել է նիկոտինից կախվածություն ունի մարդկանց մոտ երկու երրորդը, որոնք օրական ծխել են ընդամենը մեկից մինչեւ չորս ծխախոտ, եւ նրանց քառորդ մասը, ովքեր ամեն օր չեն ծխում:
Նիկոտինից կախվածության ծանրությունը, այնուամենայնիվ, կապված էր ծխվող ծխախոտի քանակից: Միջին կամ ծանր կախվածություն է հայտնաբերվել մարդկանց 74 տոկոսի մոտ, ովքեր օրական ծխում են 21 եւ ավելի ծխախոտ, նրանց 35 տոկոսի մոտ, որոնք ծխում են մեկից մինչեւ չորս ծխախոտ: